Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը՝ նվիրված մեծն երգահանի 145-ամյակին
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը, որի շրջանակում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունն իր բոլոր շերտերով: «Կոմիտասյան օրեր» փառատոնին նվիրված ասուլիսի ընթացքում այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ ավելացնելով, որ Մշակույթի նախարարության այս տարվա ամենակարևոր իրադարձությունը «Կոմիտաս 145» հոբելյանն է:
«Անցկացվելու են բազմաբնույթ միջոցառումներ, մասնավորապես՝ կներկայացվի Կոմիտասի մասին պատմող ֆիլմ, կկազմակերպվի գիտաժողով, մի շարք համերգներ: Իրադարձությունները կամփոփվեն տարեվերջին՝ մեծ համերգով»,- ասաց Արթուր Պողոսյանը:
Կազմակերպվելու են երգչախմբային, վոկալ և դաշնամուրային երաժշտության 5 համերգներ. միջոցառման կազմակերպիչներն են Կամերային երաժշտության ազգային և Հայ հոգևոր երաժշտության կենտրոնները:
Փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային և հայ հոգևոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը, խոսելով «Կոմիտասյան օրեր» փառատոնի մասին, նշեց, որ փառատոնի անցկացման համար ընտրվել է վարդապետի ծննդյան օրը՝ հին և նոր տոմարներով:
«Փառատոնն իր առջև նպատակ է դրել Կոմիտասին ներկայացնել այնպիսին, ինչպիսին նա կա: Այս օրերին հնչելու են միայն կոմիտասյան բնագրեր և փառատոնի ընթացքում հանդես կգան տարբեր կոլեկտիվներ»,- նշեց Մհեր Նավոյանը:
Ասուլիսի մասնակիցներից՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանն էլ ցավով նշեց, թե այն գոհարը , որ Կոմիտասն է ստեղծել, հաճախ աղավաղվում է:
«Խնդրում եմ բոլոր երգիչներին՝ սիրողական թե պրոֆեսիոնալ, մի՛ մշակեք, մի՛ աղավաղեք Կոմիտասին»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հոկտեմբերի 2-ին, 4-ին, 7-ին և 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվեն մի շարք համերգներ:










