Կանանց կինեմատոգրաֆում բառերով դերերի մոտ մեկ երրորդն է տրվում. ՄԱԿ-ի ուսումնասիրությունը
Կանայք կինեմատոգրաֆում բառերով դերերի մեկ երրորդից էլ քիչ են ստանում: Նման եզրահանգման են եկել ՄԱԿ-ի ուսումնասիրության հեղինակները, գրում է kp.ru-ն:
Չնայած նրան, որ կանայք երկրագնդի բնակչության կեսն են, նրանց բառերով դերերի միայն 30,9% է տրվում: Ավելի վատ պատկեր է «էքշն» կամ արկածային ֆիլմերում կանանց և տղամարդկանց դերերի առումով: Նման ֆիլմերի միայն 22,5% է կանանց մասնակցությամբ և գլխավոր դերերում, մնացած դեպքերում կանայք երկրորդական դերեր են կատարում կամ բացարձակապես բացակայում են:
Ռեժիսորների շրջանում կանայք 7% են, սցենարիստների շրջանում՝ 19,7%, պրոդյուսերների շրջանում՝ 22,7%: Ֆիլմերի սպասարկման անձնակազմում կանայք ևս քիչ են` 22,5%:
Ուսումնասիրողները վերլուծել են Ավստրալիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ֆիլմերը և եկել են այն հիասթափեցնող եզրահանգմանը, որ կինոյում բավականին մեծ է կանանց նկատմամբ խտրականությունը:
Բացի այդ, եթե նույնիսկ կանանց հաջողվում է ֆիլմերում նկարահանվել, ապա նրանք երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ, ստիպված են ֆիլմի այս կամ այն դրվագում ցուցադրել իրենց մարմինը` կրել ներքնազգեստ, շատ բաց հագուստ կամ էլ բոլորովին մերկ լինել:














