Հայաստանի հարստությունը իր որակն է, տաղանդն է. Մարթեն Յորգանց

13:38 • 25.09.14

Էջմիածնում «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի տասնամյակին նվիրված համերգը շատ լավ կազմակերպված էր, տաղանդավոր երեխաներ երգեցին: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստան ժամանած ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը:


Նա նկատեց, որ այսօրվա Հայաստանի դահլիճները ձայնային և լուսային տեխնիկական հրաշալի հնարավորություններ ունեն, ինչը շատ կարևոր է երգչի համար:

Յորգանցն ասաց, որ համերգին շուրջ յոթից ութ հազար հանդիսատես կար, և նա երկու անգամ երգել է «Ճկույթիկ» երգը: «Քսանչորս տարի է ինչ իր ուժը այդ երգը չի կորցրել: 30-ից ավելի երգեր ունեմ, սակայն ես էլ փոքրիկների նման ուրախանում եմ, որ այդ երգը այդքան սիրված է»,- ասաց նա և նշեց, որ իրեն լավ է զգում, երբ երեխաները դրսում իրեն տեսնում են ու ասում են՝ ճկույթիկը:


«Այսօր Հայաստանում շատ լավ երգիչներ կան, շատ լավ կերգեն, լավ տեսահոլովակներ կներկայացնեն: Հայաստանը շատ է առաջադիմել այս հարցերում: Մենք հանքեր, ոսկիներ չունենք, սակայն լավ երգիչներ և երգեր ունենք: Հայաստանի հարստությունը իր որակն է, տաղանդն է»,- ասաց Մարթեն Յորգանցը:


Նա նշեց, որ երբ գալիս է Հայաստան ամեն անգամ նոր բան է նկատում, և ուրախ է, որ Հայաստանն օրեցօր զարգանում և ճաշակով է դառնում:


«Մենք պետք է լուրջ բաներ մտածենք և երազների հետևից չընկնենք: Մենք պետք է մտածենք, թե ինչպես հայ ժողովուրդը առաջ գնա, զարգանա, իսկ երգիչների երգած բառերը շատ կարևոր են»,- ասաց նա:


«Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի հիմնադիր-տնօրեն Անահիտ Մադոյանը հայտնեց, որ թատրոնը բարեգործական հիմունքներով է ստեղծվել, ակտիվ գործունեություն է ծավալում հատկապես սփյուռքահայ համայնքներում և առաջիկայում համերգներ կունենան Եվրոպայում, Կանադայում:


«Մարթեն Յորգանցը փոքրիկների սիրելին է, մեզանից յուրաքանչյուրը մեծացել է այդ երգերի տակ, և որքան էլ տարիներ անցնեն, միևնույն է, ինչը սիրվում է, դա անժամկետ է»,-ասաց նա:
 


 

Հայաստանի հարստությունը իր որակն է, տաղանդն է. Մարթեն Յորգանց