ՏՏ ոլորտում Հայաստանի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, քանի որ երկիրը շրջափակված է. Չի-Ֆուն Չան
«Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, նախագահ Չի-Ֆուն Չանը կարծում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժն ամբողջովին չի օգտագործվում, քանի որ Հայաստանը շրջափակման մեջ է:
«Մենք շատ ուրախ ենք Հայաստանում կատարած մեր ներդրումների համար, քանի որ դա մեր բիզնեսի շատ կարևոր մասն է, և մենք կշարունակենք ներդրում կատարել այստեղ: «Սինոփսիս»-ի համար ամենակարևոր բաներից մեկն այն է, որ ընկերության ստեղծած գործիքներն սկսվեն ինչ-որ կերպ կիրառվել Հայաստանում, որպեսզի ցիկլն ամբողջական դառնա»,- Նյու Յորքում «Արմթեք-2014» համաժողովի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց Չի-Ֆուն Չանը:
Նրա խոսքով` ներկայում Հայաստանում ունենք գործիքներ, սակայն չկա դրանց գործնական կիրառություն: «Հայ ինժեներները հաճախ արտասահման են մեկնում` այնտեղ հաճախորդներ գտնելու համար: Հուսով ենք` Հայաստանում այդ սեկտորը նույնպես կզարգացնենք»,- նշեց նա:
«Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով` Հայաստանի բուհական համակարգը կոնկրետ իրենց ոլորտին շատ լավ կադրեր է տալիս, սակայն երկրի ներուժը ՏՏ ոլորտում լիովին չի օգտագործվում:
«Կարծում եմ, որ Հայաստանի համալսարանները շատ լավ կադրեր են տալիս: Մեր ոլորտում մենք մաթեմատիկայի և համակարգչային ոլորտի մասնագետների կարիք ունենք, և Հայաստանի բուհերը լավ կադրեր են տալիս: Կարծում եմ` այստեղ մեծ ներուժ կա: Սակայն չեմ կարծում, որ Հայաստանի ամբողջական ներուժն օգտագործվում է, քանի որ Հայաստանը շրջափակված է, և սա կարևոր հարցերից մեկն է»,- ավելացրեց Չի-Ֆուն Չանը:










