Աշխարհում ինժեներական աշխատուժի մեծ պահանջարկ կա, և ՀՀ-ում ՏՏ ոլորտի աճը արտաքին իրավիճակով է պայմանավորված. Կ. Վարդանյան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկատվական ոլորտի աճը պայմանավորված է արտաքին իրավիճակով, քանի որ ամբողջ աշխարհում ինժեներական աշխատուժի շատ մեծ պահանջարկ կա։
Անդրադառնալով ՀՀ Նախագահի այն հայտարարությանը, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրում Հայաստանում՝ միջինում արձանագրելով տարեկան 22-25 տոկոս աճ, Կարեն Վարդանյանը նշեց, որ կարծում է, թե Հայաստանը կարող է շատ ավելի արագ տեմպերով աճել՝ ոչ պակաս, քան 35 տոկոս։
«Մենք հավասար պայմաններում ենք գտնվում Բելառուսի հետ և տարբեր երկրներ մրցակցում են՝ այդ աշխատանքները իրենց երկրներ բերելով և դրանով պայմանավորվում է աճը։ Բելառուսը, որը թվում է, թե քաղաքական ավելի վատ պայմաններում է գտնվում, քան մենք, նույն Արևմուտքից բերված աշխատանքով վերջին 5 տարում տարեկան աճում է գրեթե 100 տոկոսով»,- ասաց նա։
Կարեն Վարդանյանը ներկայացրեց նաև ոլորտի խոչընդոտները։ Ըստ նրա՝ հիմնական խոչընդոտը հասարակական մտայնությունն է և հասարակական մոտեցումները կրթության և ձեռներեցության նկատմամբ, մասնավորապես՝ «դիպլոմացավը», երբ տաղանդավոր երեխաներին ծնողները չեն տալիս անհրաժեշտ կրթության։
«Ըստ հասարակական մտայնության՝ ձեռներեցությունը չի համարվում կարևոր գործ, ավելի կարևոր է համարվում երեխային տնտեսագիտական մասնագիտության կրթության տալը։ Մեզ մոտ արագ զարգացման խոչընդոտներից մեկը հասարակական մտայնությունն է»,- ասաց նա։
Մյուս խոչընդոտը, մեր զրուցակցի կարծիքով՝ կրթական համակարգն է։ «Կրթական համակարգը թույլ է համալսարանական հատվածում, իսկ ավելի թույլ է դպրոցական հատվածում, և եթե փոփոխություններ պետք է արվեն, ապա դրանք պետք է սկսել դպրոցից։ Մյուս խնդիրը՝ տեխնոլոգիական ձեռներեցությունն է, այսինքն այն, որ մենք մեր երիտասարդներին ոգևորենք, որ նրանք գնան ձեռնարկություններ ստեղծեն»,- ասաց նա։
Կարեն Վարդանյանը կարևորեց նաև Կառավարության քայլերը։ «Ամբողջ աշխարհում լոկոմոտիվը կազմված ու կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումից և պետությունն է քաշում այդ ամբողջ ոլորտը, հատկապես՝ բանակը, անվտանգության մարմինները։ Ցավոք, Հայաստանում դա այդպես չէ, դեռ այդ հասկացությունը չկա մեզ մոտ ։ Այսինքն՝ պետության քաշելու հետևանքով տեխնոլոգիական ոլորտը զարգանում է, որից հետո տեխնոլոգիական ոլորտն է քաշում պետությանը։ Հիմա մենք սկսել ենք այն վիճակից, որ տեխնոլոգիական ոլորտն է քաշում պետությանը»,- ասաց նա։
Կարեն Վարդանյանի մատնանշած հաջորդ կարևոր հարցը, Հայաստանի բրենդի ստեղծումն է արտերկրում՝ մեզ ճանաչելի դարձնելու համար։ «Մեզ ճանաչելու կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ մեզ ճանաչեն մեր ամենաուժեղ կողմերով։ Ես կարծում եմ, որ այդ կողմերից մեկը մեր ճկունությունն է և ադապտացիայի ունակությունը։ Ես նկատի ունեմ ադապտացիա մշակույթի նկատմամբ, քանի որ մենք տարբեր երկրների հետ ենք աշխատում և անգամ նույն երկրի տարբեր հատվածների հետ մշակութային տարբերություններ կան, իսկ հայերը, կարծես թե, շատ հեշտ են հաղթահարում այդ մշակութային տարբերությունները։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ մենք սովոր ենք քիչ ռեսուրսներով կրեատիվ լուծումներ տալ, ինչը դեռ Խորհրդային Միության տարիներից է գալիս»,- ասաց նա։
Կարեն Վարդանյանը հայտնեց, որ իրենք ծրագիր են նախապատրաստել, որպեսզի Հայաստանի որոշ դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ստեղծվեն։ «Մեզ համար որակը կարևոր հատկանիշ պետք է լինի, և մենք միշտ պետք է պատվիրատուին տանք ավելին, քան ինքն է մեզնից սպասում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Կառավարության աշխատանքին, ապա նա ասաց, որ ոչ մի կառավարություն էլ ոլորտին անհրաժեշտ ուշադրության չի արժանացրել։
«2000 թվականին ոլորտը հայտարարվել է գերակա, և ըստ էության, պրակտիկ առումով շատ քիչ բան է արվել, որովհետև եթե գերական ռեալիզացվեր, ապա մեր համալսարանները կլինեին լավագույն 200 կամ 300 համալսարանների շրջանակում, մեր դպրոցներում բնագիտական առարկաների ուսուցումը կլիներ բարձր մակարդակի։ Այդ գերակայի մասին խոսակցությունները ամբողջը PR-ին միտված խոսակցություններ են և որևէ բովանդակություն չեն պարունակում, թեև այս ընթացքում հատվածային բաներ արվել են»,-ասաց նա և թվարկեց, որ ստեղծվել են ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ազգային ինժեներական լաբորատորիան, Գյումրու տեխնոպարկը, և հիմա աշխատանքներ են գնում Վանաձորի տեխնոպարկի ստեղծման ուղղությամբ։
«Այսինքն՝ հատվածային բաներ կան, սակայն այդ ամենը չի համապատասխանում գերակա ճյուղ հասկացությանը։ Գերակա ճյուղը ենթադրում է շատ ավելի ինտենսիվ գործողություններ։ Մեզ պետք է ոլորտում աշխատուժը առնվազն հնգապատկել մոտակա տասը տարվա մեջ և հայտնվել ամենաինովացիոն երկրների շարքում։ Այդ հնարավորություններն ունենք, ուրեմն պետք է աշխատել, հատկապես՝ ներդրումներ անել կրթական ոլորտում, փոխել մտածելակերպը, և դա բոլորին է վերաբերվում՝ դպրոցի ուսուցչից մինչև Կառավարություն»,- ասաց նա։










