ԱՀԿ-ն կոչ է անում աղ քիչ օգտագործել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նպատակ է դրել մինչև 2030 թվականը կրճատել աղի սպառումը 30%-ով, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնին։
Մասնագետները գտնում են, որ աղի չափից շատ օգտագործումն այս կամ այն կերպ նպաստում է տարեկան 2,5 միլիոն մարդկանց՝ սրտանոթային հիվանդություններից մահացությանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ 30%-ով կրճատելով աղի սպառումը՝ հնարավոր է փրկել միլիոնավոր մարդկանց կյանքեր։
ԱՀԿ-ի աշխատակից Թիմ Անդերսոնի կարծիքով՝ սրտանոթային հիվանդությունների և կաթվածների թիվը կրճատելու պատասխանատվությունն ընկած է յուրաքանչյուր պետության վրա։
Պետությունները պետք է նոր չափանիշներ սահմանեն և հետևեն, որպեսզի աղի օգտագործումը բնակչության կողմից նվազի, նշել է նա։
Մարդու կողմից օգտագործվող աղի 80%-ն օրգանիզմ է ներթափանցում վերամշակված սննդի միջոցով՝ հաց, պանիր, սոուսներ, ապխտած միս և պատրաստի կերակուրներ։
Օրվա ընթացքում մարդը միջինն օգտագործում է 10 գրամ աղ, ինչը կրկնակի ավել է նորմայից, որը սահմանել է ԱՀԿ-ն:










