Volkswagen-ը գաղտնազերծել է նոր սերնդի հիբրիդային Passat-ը (լուսանկարներ)
Volkswagen-ը գաղտնազերծել է 8-րդ սերնդի Passat սեդանի և ունիվերսալի հիբրիդային տարբերակը: Նորույթը, որի դեբյուտը կկայանա Փարիզի ավտոսրահում, կդառնա գերմանական ապրանքանիշի վերալիցքավորվող՝ թվով երրորդ սերիական հիբրիդը` գերտնտեսող քաղաքային XL1 մոդելից և Golf GTE հեթչբեքից հետո:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` Volkswagen Passat GTE-ն համալրվել է ուժային համակարգով, որի կազմում ընդգրկվել է 156 ձիաուժ հզորությամբ 1.4 լիտր ծավալով բենզինային տուրբո շարժիչը և 114 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչը, լիթիում-իոնային մարտկոցների համալիրը` 9.9 կՎ/ժ հզորությամբ և 6 աստիճան ավտոմատ փոխանցման տուփը: Ուժային սարքավորման ընդհանուր հզորությունը կազմում է 218 ձիաուժ:
Հիբրիդն ընդունակ է 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 220 կմ/ժամ: Վառելիքի ծախսը հավասար է երկու լիտրի՝ 100 կմ վազքի դիմաց:
50 լիտր տարողությամբ լի բաքով և լիցքավորված մարտկոցով նորույթը կարող է անցնել մինչև 1000 կմ տարածություն: Սովորական Passat-ից հիբրիդը տարբերվում է ռադիատորի վանդակաճաղերով, ձևափոխված առջևի բամպերով:
Volkswagen Passat GTE-ի վաճառքը կմեկնարկի հաջորդ տարվա երկրորդ կեսից: Հիբրիդի գնի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

























