Anonymous-ը պատերազմ է հայտարարել Հոնկոնգի իշխանություններին
Anonymous հաքերական խումբը կիբերպատերազմ է հայտարարել Հոնկոնգի իշխանություններին։ Նրանք իրենց համերաշխությունն են հայտնել ցուցարարներին՝ արգելափակելով Չինաստանի հատուկ վարչական շրջանի մի քանի կայքեր, և խոստացել, որ առաջիկա օրերին հարձակման կենթարկվեն ևս մի քանի տասնյակ կայքեր, որոնք պատկանում են Հոնկոնգի վարչակազմին, գրում է Лента-ն։
Կոտրած կայքերի առաջին էջում կիբերհանցագործները գրել են՝ «Մեզ տեղեկություններ են հասել, որ մարտավարությունը, որն օգտագործվում է խաղաղ ցուցարարների դեմ ԱՄՆ-ում, կիրառվում է նաև Հոնկոնգում»։
Anonymous-ը կոչ է արել ցուցարարներին դիմանալ, իսկ հոնկոնգցի ոստիկաններին զգուշացրել է, որ իրենց շատ ուշադիր հետևում են, և ակցիայի մասնակիցների հանդեպ չափազանց շատ ուժ կիրառելու դեպքում դրա համար պատասխանատու աշխատակիցների մասին բոլոր տեղեկությունները կհայտնվեն համացանցում։
Իրավապահներին, պաշտոնյաներին և Հոնկոնգի կառավարության անդամներին հաքերները կոչ են արել հրաժարական տալ։










