Lamborghini-ն ներկայացրել է իր առաջին հիբրիդային սուպերքարը` 910 ձիաուժ հզորությամբ (լուսանկարներ)
Lamborghini ընկերությունը Փարիզի ավտոսրահում ներկայացրել է Asterion LPI910-4 կոնցեպտային սուպերքարը: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` այս նախատիպը դարձել է իտալական ապրանքանիշի առաջին մոդելը, որը համալրված է հիբրիդային ուժային համակարգով:
Նախկինում ընկերության ղեկավարությունում հայտնում էին, որ մտադիր չեն բենզինաէլեկտական մեքենաներ արտադրել:
Asterion մոդելի ուժային համակարգի կազմում ներառված են 5.2 լիտր ծավալով 610 ձիաուժ հզորությամբ V10 բենզինային շարժիչը, որը երկարությամբ տեղադրված է վարորդի և ուղևորի նստելատեղերի հետևում, 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփը, 3 էլեկտրական շարժիչ` 300 ձիաուժ հզորությամբ, և լիթիում-իոնային մարտկոցների համալիրը: Ընդհանուր հզորությունը կազմում է 910 ձիաուժ:
Astertion էլեկտրաշարժիչներից մեկը տեղադրված է ներքին այրման շարժիչի և փոխանցման տուփի միջև, իսկ մյուս երկուսը` առջևի լիսեռի վրա: Էլեկտրական ուժով մոդելը կկարողանա անցնել 50 կմ տարածություն, իսկ առավելագույն արագությունը` առանց ներքին այրման շարժիչի, կազմում է 125 կմ/ժամ: Այդ ռեժիմում պտտվում են միայն դիմացի անիվները:
Առավելագույն հզորության ռեժիմում` ակտիվացված բենզինային շարժիչով, վառելիքի ծախսը կազմում է 4.12 լիտր 100 կմ վազքի դիմաց: 100 կմ/ժամ արագությանը լիաքարշակ մեքենան հասնում է 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժամ:
Հիբրիդային սուպերքարի սրահում կարող է տեղավորվել երկու մարդ: Lamborghini-ի նոր նախատիպն իր անվանումն ստացել է հունական առասպելաբանության մեջ հայտնի մարդու մարմնով և ցուլի գլխով հրեշի` Մինոտավրոսի անունից: LP-ն մատնանշում է շարժիչի տեղադիրքը` լիսեռների միջև, I-ն նշանակում է, որ մեքենան հիբրիդային է, 910-ը հզորությունն է, իսկ 4-ը` լիաքարշակ համակարգը:
















