Ֆրանսիացիները նոր շքեղ մոտոցիկլ են ներկայացրել, որը վաճառվում է Porsche Cayenne-ի գնով (լուսանկարներ)
Ֆրանսիական Midual մոտոարտադրող ընկերությունը, որը 1990-ականների սկզբին հիմնադրել են եղբայրներ Օլիվյե և Ֆրանսուա Միդիները, ներկայացրել է լյուքս դասի Type 1 մոտոցիկլը, որը կթողարկվի 35 օրինակով:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` Midual Type 1-ի դեբյուտը կայացել է Փեբլ Բիչի Շքեղության մրցույթում, իսկ եվրոպական պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին՝ Լոնդոնի Salon Privé սրահում: Ստեղծողները ոգեշնչվել են նախորդ դարի 30-50-ականների դասական եվրոպական մեքենաներից և հեծանիվներից:
Midual Type 1 մոդելի յուրաքանչյուր օրինակ կարժենա 185 000 դոլար: Համեմատության համար նշվում է, որ նոր Harley Davidson Freewheeler-ը արժե 25 000 դոլար, Electra Glide շքեղ մոտոցիկլը` 24 500 դոլար, իսկ Indian Roadmaster-ը` 27 000 դոլար:
Շքեղ ու թանկարժեք մոտոցիկլը զինված է 1036 խորանարդ մխոցային ծավալով, 106 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որն աշխատում է 6 աստիճան փոխանցման տուփով: Արտադրողն առաջարկում է մոդելը` պատված 45 տարատեսակ կաշվով, իսկ տարբեր հատվածներ կարող են ներկայանալ 25 երանգով: Մոտոյի շրջանակի հատուկ հատվածում կդրոշմվի տիրոջ անունը: Մոդելը իր ապագա տերերին կհասնի 2016-ին:














