Twitter-ը 10 մլն դոլարի ներդրում է անում՝ հասկանալու համար, թե ինչպես են բամբասանքները տարածվում
Հայտնի Twitter սոցիալական ցանցը 10 միլիոն դոլար է տրամադրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին (ՄՏԻ), որպեսզի այն սոցիալական ուսումնասիրություն անցկացնի և պարզի, թե ինչպես է հանրությունն օգտագործում Twitter-ը և ինչ նպատակներով։
Ուսումնասիրությունը կանցկացվի MIT lab կամ Laboratory of Social Machine լաբորատորիայում։
Twitter-ին, մասնավորապես, հետաքրքիր է, թե ինչպես են ապատեղեկատվությունն ու բամբասանքները տարածվում սոցցանցի միջոցով, գրում է Daily Mail-ը։
Ընկերությունը ցանկանում է ստեղծել մի գործիք, որի օգնությամբ լրագրողները, քաղաքական փորձագետները և ուսումնասիրողները կարող են բացահայտել տեղեկատվության նոր ուղիներ և միտումներ։
Ընկերությունը նշում է, որ անհատ օգտատերերի մասին ոչ մի տեղեկատվություն ներգրավված չէ, բացի նրանց գրառումներից, որոնք առանց այդ էլ հանրային են։














