YouTube-ի ամենահայտնի բլոգերներից մեկը ցանկանում է սեփական ընկերությունը հիմնել
YouTube ցանցում ամենահայտնի տեսաբլոգերներից Ֆելիքս Կելբերգը (Շվեդիա), ով առավել հայտնի է որպես PewDiePie, դեկտեմբերին հնարավոր է հիմնի իր սեփական ընկերությունը՝ տեսանյութերի արտադրության նպատակով, գրում է interfax.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով։
Այժմ Կելբերգն ունի մոտ 30 միլիոն հետևորդ YouTube-ում։
Նա հայտնի է դարձել համակարգչային խաղեր խաղալով և դրանք իր յուրահատուկ մեկնաբանություններով ձայնագրելով։ Բլոգերը ձայներ է հանում, կատակում է, դիմածռություններ է անում և մեկնաբանում է խաղում տեղի ունեցածը։
Նրա տեսանյութերում կարելի է տեսնել բլոգերին հոլովակի անկյունում, իսկ հոլովակի ամբողջ հատվածը ցույց է տալիս բլոգերի համակարգչի էկրանը։
Կելբերգին հաջողվել է իր անձը դարձնել բրենդ, որը նրան արդեն 4 միլիոն դոլար եկամուտ է բերել։
2012-ի դեկտեմբերին նա պայմանագիր է կնքել Maker Studios-ի հետ, որը տոկոսներ է վճարում գովազդի վաճառքից։
Այս տարի Disney ընկերությունը ձեռք է բերել Maker Studios-ը։












