Լողավազան, կինոթատրոն և «սեփական լողացող ավտոտնակ». նոր խոսք շքեղ զբոսանավերի ոլորտում (լուսանկար, տեսանյութ)
Մինչ ուղղաթիռային հրապարակները, ջրային ատրակցիոնները և կինոթատրոնները սովորական հարմարություններ են դարձել շքեղ նավերում, նորաոճ իտալական նավը ներկայանում է նոր ու շքեղ առանձնահատկությամբ` սեփական լողացող ավտոտնակով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Ferretti group նավաշինական ընկերության նորաստեղծ J'ade զբոսանավը համալրված է ջրաբաշխական համակարգով աշխատող ամբարտակով, որը կարող է տեղավորել 8 մետր երկարությամբ մոտորանավակը` առանց այն ջրից դուրս հանելու:
Ներքին ավազանը, որը 18.000 լիտր ջուր է պարունակում, լցվում և դատարկվում է 3 րոպեում, ինչը թույլ է տալիս 8 մետրանոց մոտորանավակին այնտեղ մտնել առանց վերամբարձ կռունկի օգնության: Երբ մոտորանավակը ներսում չէ, ավազանը կարող է օգտագործվել նաև որպես փակ օվկիանոսային լողավազան:
Անցյալ տարի կառուցված 60 մետր երկարությամբ նավը գլխավոր ցուցանմուշներից էր անցյալ շաբաթ անցկացված Մոնակոյի Զբոսանավերի ցուցահանդեսին, որտեղ նավը «Լավագույն ինտերիեր» մրցանակի հավակնորդներից էր:
Զբոսանավը կարող է ընդունել 10 հյուրի 4 նավախցում` չհաշված տիրոջ սենյակը և անձնակազմի 13 անդամների համար նախատեսված սրահը: Այն ունի նաև մարզասրահ և ակվարիում:

























