Հորս հավաքածուն՝ նվեր անկախությանը. Վահան Իշխանյան
Հայրս մոլուցքներ կամ կոլեկցիոների ազարտ չուներ: Միակ ազարտը կամ մոլուցքը, եթե դա կարելի է մոլուցք անվանել, պիտակներ ու տոմսեր հավաքելն էր: Այն էլ ոչ ամեն երկրի պիտակ, հավաքում էր միայն Սովետական հանրապետություններում արտադրվածները, այն էլ ոչ թե նրա համար, որ նեվիեզդնոյ էր, այսինքն Սովետը թույլ չէր տալիս արտասահման մեկնել, ու չէր կարող այլ պիտակներ էլ հավաքել: Չէ, հաճախ արտասահմանից բարեկամ-մարեկամ էր գալիս, ծամոն-մամոն էր բերում, բայց հայրս դրանց պիտակները չէր էլ նկատում:
Նրան Սովետական երկրի եղբայրական հանրապետությունների պիտակներն էին հետաքրքրում, որոնց վրայի գրությամբ որոշում էր, թե որ հանրապետությունը ինչքանով է հարգում իր ազգային լեզուն:
Մյուս հանրապետությունների պիտակները համեմատում էր Հայաստանի պիտակների ու տոմսերի հետ ու ցույց տալիս, թե ինչպես են մյուս հանրապետություններում հարգում ու սիրում իրենց ազգային լեզուն, պիտակների վրա միայն իրենց լեզվով գրում, իսկ մենք՝ հայերս չենք հարգում՝ մարդ էլ էդքան ատի իր լեզուն:
Հավաքածուի մեծ մասի վրա միայն իրենց լեզվով է գրված, մի մասը իրենց լեզվի կողքին մի տողով ռուսերեն անվանումն է, մի քանիսն էլ երկլեզու են(հիմնականում երկլեզու են հեռագրատան բլանկները): Հայկականները՝ ճիշտ հակառակը՝ բոլոր տոմսերը ռուսերեն են, իսկ ապրանքների պիտակներին երբեմն մի տող հայերեն է լինում, մնացածը ռուսերեն
60-ականներին է եղել, հրավիրվել էր կնոջ հետ մոտ ընկերոջ՝ Ղարիբ Հայրապետյանի տուն: Գնացել էին, դռանն էին հասել, առանց դուռը ծեծելու հետ էին եկել: Հետո, Ղարիբը հաջորդ օրը եկել էր մեր տուն(զանգ տալ չէր կարող, հեռախոս չունեինք), հարցրել՝ ո՞ւր էիք, ձեզ էինք սպասում, չեկար»: «Էկանք, տունը չգտանք»,-ասել էր հերս: «Ո՞նց չգտար, պարզ քեզ նկարագրեցի», «Հա, էդ դուռը գտա, բայց դռանը օտար լեզվով էր գրված, չկարողացա կարդալ»: Ղարիբը դռանը ռուսերեն էր գրել անուն ազգանունը:
Հորս պատճառով մայրս հարաբերությունները խզել էր իր մանկության մտերիմ ընկերուհու հետ, ինչ է թե աղջկան ռուսական դպրոց էր տվել: Ընկերուհին մահացավ, ու մայրս իրեն չէր ներում, որ մի դպրոցի պատճառով հետը գժտվել է:
...հայերը այլևս ռուսական դպրոց չեն կարողանում իրենց երեխաներին տալ հորս պատճառով, ու հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը դարձել էր ռուսախոս հայերի աչքի գրողը:
Հերս լիներ, վստահ եմ, խմբեր կստեղծեր, ինչպես ժամանակին՝ հիվանդ-հիվանդ ստեղծեց Մաշտոց միավորումը, ինքը առաջներից ընկած՝ կգնար տարբեր հաստատություններ ու կստիպեր կիրառել լեզվի մասին օրենքը կամ թափ կտար լեզվի տեսչությանը, որ պարապ չնստեն, իրենց գործը անեն:
Հայրս լիներ, չէր թողնի, ինչպե՞ս, էդքան պայքարեցին, բայց մինչև վերջ կանխել չհաջողվեց: Չգիտեմ՝ ինչպես էր կանխելու, ուղղակի հավատում եմ, որ հայրս չէր թողնի:
Բայց, ամեն դեպքում, ասեմ, հերս մի խոսք էլ ուներ՝ ռուսախոս հայից խեր չկա: Ծայրահե՞ղ տեսակետ էր: Երևի ծայրահեղ էր, բայց էն ժամանակ՝ Սովետն էլ էր ծայրահեղ երկիր…
Իսկ հավաքածուն, չգիտեմ, որ բարեբախտաբար փոշիների մեջ կորած մնացել է տան անկյունում, ինչ-որ մեկի համար գուցե ծայրահեղ է, ինձ համար ուրիշ բան է, իմ մանկությունն է մեջը:
Շարունակությունը՝ այստեղ։












