Այվազովսկու և Աքսենտովիչի աշխատանքների առաջիկա ցուցահանդեսը պատմական նշանակություն ունի. պատկերասրահի տնօրեն
2014 թ. հունիսի տասնութին Լեհաստանում տեղի են ունեցել «Հովհաննես Այվազովսկի. Ժամանակ և հավերժություն» խորագրով և «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչ» խորագրով ցուցահանդեսները. հոկտեմբերի յոթին էլ Հայաստանում Ազգային պատկերասրահում ևս նախատեսված է կազմակերպել ծագումով հայ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի և աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Մուսայելյանը:
«Լեհաստանի ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի և Լեհաստանի Նախագահները»,-ասաց փոխնախարարը:
Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը համարում է, որ այդ ցուցահանդեսը պատմական նշանակություն ունի, քանի որ հայ համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչների ստեղծագործություններ են ցուցադրվելու:
«Ես համոզված եմ, որ Աքսենտովիչը երազել է անկախ Հայաստանում ունենալ անհատական ցուցահանդես»,-ասաց Փարավոն Միրզոյանը:
Լեհաստանի Սոպոտի արվեստի ազգային պատկերասրահի տնօրեն Զբիգնև Բուսկին էլ ասաց, որ իր համար շատ հաճելի է գտնվել Հայաստանում: «Փոխադարձ համատեղ ցուցահանդեսների գաղափարը Հայաստանի և Լեհաստանի նախագահների նախաձեռնությունն է»,-տեղեկացրեց նա:










