Ավստրիայում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի կայացմանը

17:29 • 06.10.14

Լինց քաղաքում հոկտեմբերի 5-ին` անցկացվող ամենամյա Բրուկներյան միջազգային փառատոնի եզրափակիչ օրը, Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ խմբավար Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, «Բրուկներ» համերգասրահի Մեծ դահլիճում կատարվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի 1-ին սյուիտը, «Ջութակի և նվագախմբի համար կոնցերտը» և Դմիտրի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան: Հայաստանի ֆիլհարմոնիկի ելույթով ազդարարվեց 2014-15թթ. համերգաշրջանի սկիզբը:


Համերգին ներկա էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով համերգի ավարտին Բրուկների Տուն համերգասրահի գեղարվեստական տնօրեն Հանս-Յոախիմ Ֆրայի հետ քննարկեց հետագա համագործակցության խնդիրները:


Նվագախմբի եվրոպական համերգաշարի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: 

Ավստրիայում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի կայացմանը