Բեն Աֆլեքը պաշտպանել է իսլամն ու մուսուլմաններին (տեսանյութ)

09:25 • 06.10.14

Դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքը թեժ բանավեճ է ունեցել ամերիկյան HBO հեռուստաալիքի եթերում։ Նա «կեղտոտ և ռասիստական» է անվանել շոուի հաղորդավար Բիլ Մալերի և հյուր եկած գրող Սեմ Հարիսի արտահայտություններն այն մասին, որ իսլամի քննադատներին շատ հաճախ համարում են իսլամաֆոբներ։ Աֆլեքը պաշտպանել է իսլամը և կոչ արել չմեղադրել բոլոր մուսուլմաններին ահաբեկիչների հանցագործություններում, գրում է filmpro.ru-ն։

 

Հրապարակախոս Հարիսը մեղադրել է Արևմուտքի լիբերալներին, որ նրանք չափազանց ընտրողական են քննադատում կրոնը։ Իր դիտարկմամբ՝ կրոնի քննադատների զայրույթն ուղղված է հիմնականում քրիստոնեությանը։ Լիբերալներն ազատ քննադատում են քրիստոնեությունը, որը մոլի հավատացյալներն օգտագործում են՝ կոչ անելով խախտել կանանց, փոքրամասնությունների իրավունքները և սահմանափակել ազատամտությունը։ Միևնույն ժամանակ լիբերալ տրամադրված մտավորականությունն անտեսում է մուսուլմանական երկրներում մարդկանց իրավունքների խախտման արդեն տեղի ունեցող փաստերը, նշել է գրողը։

 

Հաղորդավար Մայերը մեղադրել է իսլամի հետևորդներին չափազանց մեծ ագրեսիայի և «լիբերալ-դեմոկրատական արժեքների» բացակայության համար։ Բացի այդ, նա իսլամը համեմատել է մաֆիայի հետ։ «Դա միակ կրոնն է, որն իրեն մաֆիայի նման է պահում։ Նրանք կսպանեն ձեզ, եթե դուք մի բան այն չասեք, սխալ նկար նկարեք կամ ճիշտ գիրք չգրեք»,- ասել է հաղորդավարը։

 

Հարիսն, իր հերթին, իսլամն անվանել է «կործանարար գաղափարների օրրան», ինչին Աֆլեքը շատ կտրուկ է արձագանքել։ «Դա սարսափելի է, այն, ինչ դուք հիմա ասացիք։ Դա ռասիզմ է։ Ավելի քան 1 մլրդ մարդ չի համարվում իսլամական ֆանատիկոս, չի ծեծում կանանց, նրանք մեր նման են և ցանկանում են գնալ դպրոց, ուտել սենդվիչ և ոչ ոքի վնաս չպատճառել»,- հայտարարել է դերասանը։

 

 

 

Բեն Աֆլեքը պաշտպանել է իսլամն ու մուսուլմաններին (տեսանյութ)