Գեղագիտության ազգային կենտրոնում քանդակի բաժնի տեղափոխումը՝ Հանրային խորհրդի քննարկման առարկա

16:10 • 06.10.14

«Գեղագիտության ազգային կենտրոնում» սկանդալ է հասունանում: Կենտրոնի կազմում 30 տարուց ի վեր գործող քարի քանդակի արվեստանոցի քանդակի բաժնի մանկավարժ Հրաչ Համբարձումյանը հայտարարում է, որ ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն և «Ժամանակակից արվեստի թանգարանի» կառավարման խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանը ցանկանում է իրենց արվեստանոցում շահույթ հետապնդող փայտամշակման ցեխ հիմնել։ Իսկ Լևոն Իգիթյանը, նշելով, որ քանդակի բաժանմունքին համարժեք տարածք է առաջարկել, «համարժեք» մեղադրանքներ է ներկայացնում Հրաչ Համբարձումյանին:


Քարի քանդակի բաժնում տարիներ ի վեր դասավանդող Հրաչ Համբարձումյանը, ում հայրը՝ Հենրիկ Համբարձումյանն էլ եղել է քանդակի բաժնի հիմնադիրը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ավելի քան 100 մտավորականների ստորագրություններ ունեն:


Այս պահին քանդակի բաժանմունքի երեխաները դասերի չեն հաճախում, քանի որ առաջին հաստոցներն արդեն բերվել են:


«Լևոն Իգիթյանը ասում է, որ պետք է արվեստանոցը փակվի, տեղը դառնա փայտի ցեխ՝ կենտրոնի համար աթոռ, սեղան արտադրելու համար: Ասում եմ՝ իմաստը ո՞րն է, որ գործող արվեստանոցը փակվի, չէ՞ որ կենտրոնում լիքը դատարկ սենյակներ կան, որոնք անբարվոք վիճակում են գտնվում։ Այս արվեստանոցը ևս անբարվոք է, բայց այն ամբողջությամբ մենք ենք վերանորոգել միշտ, վերջին անգամ պետությունը 15 տարի առաջ է դրա համար փող հատկացրել: Ոչ մի անգամ ոչ աջակցել եք, աշակերտ չեք ուղարկում, մենք աշակերտներ ունենք մինչև հիմա մեր վաստակած համբավի ու անունի վրա: Եվ օրինակ՝ օրենքով մենք պետք է 7 աշակերտ ունենանք, բայց ունենք 15-ը»,-ներկայացրեց Հրաչ Համբարձումյանը:


Նշենք, որ քանդակի բաժնում սովորում են թե՛ դպրոցահասակ երեխաներ, թե՛ երիտասարդներ, և այն արդեն հայտնի շրջանավարտներ ունի:


Բոլոր հարցերին և խորհուրդ հրավիրելու առաջարկներին՝ հարցը քննարկելու նպատակով, ըստ Հրաչ Համբարձումյանի, Լևոն Իգիթյանը պատասխանել է հետևյալ խոսքերով. «я ни перед кем не отчитываюсь. էս աշխարհում ոչ մեկի առաջ չպետք է «отчет» տամ, ես 76 տարի է՝ երևանցի տղա եմ»:


Կենտրոնի համար աթոռ-սեղան արտադրելը, քանդակագործի խոսքով, շահույթ է հետապնդելու, թեև Լևոն Իգիթյանը հայտարարել է, որ արտադրամասը նախ կենտրոնի համար աթոռ-սեղաններ պետք է արտադրի, որ ուրիշ տեղից չգնեն:


«Բայց տենց խնդիր չկա, ու կենտրոնի համար մի 10 սեղան երկաթի խառատի ստանոկներով դժվա՞ր է արտադրել ու չարժի դրա համար ստանոկներ բերել»,-ներկայացրեց Հրաչ Համբարձումյանը:


Եվ, ըստ նրա, երբ խնդիրն արդեն բարձրացել է քաղաքական մակարդակով, Լևոն Իգիթյանը հանկարծ ասել է, որ այդտեղ լինելու է ոչ թե փայտի արտադրամաս, այլ «մուլտիկի ստուդիա»:


Լևոն Իգիթյանն ավելի ուշ Հրաչ Համբարձումյանին առաջարկել է քանդակի դասարանը մեկ այլ հասցեում կազմակերպել, սակայն վերջինիս հրաժարվել է՝ տարածքի փոքր լինելու պատճառով:

«Ասում է՝ որ ըտենց է, կգնաս ուրիշ տարածք, հիմա լրիվ ուրիշ տարածք է առաջարկում՝ ցածր առաստաղով, լամինատե հատակով, որը հեչ կապ չունի քանդակի հետ: Ասում է՝ ես եմ տնօրենը, ես եմ որոշում. կա՛մ կգնաս, կա՛մ դիմում կգրես, կհեռանաս»,-պատմեց մանկավարժը:

 


Tert.am-ի հետ զրույցում Լևոն Իգիթյանը պարզաբանեց, որ դեռ որոշված չէ, թե ինչ բաժանմունք է գործելու նախկին քարի քանդակի բաժանմունքում՝ այդ արտադրամա՞սը, թե՞ մանկական կինոստուդիա, որը եղել է Կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի երազանքը, սակայն չթաքցրեց, որ 1000 քառակուսի մետր և ավելի տարածք ունեցող Կենտրոնին անհրաժեշտ են գումարներ, ինչի համար էլ, այո, շահույթ հետապնդող գործունեություն կարող է իրականացնել:


«Ես կարող եմ մեր տարածքներից մեկում խանութ բացել: Էդ իրավունքը ինձ մեր կանոնադրությամբ տրված է, կարող եմ երեխաների աշխատանքը վաճառքի հանել, չեմ անում էդ բանը, բայց մեր պահանջները բավարարելու համար մեզ գումարներ են պետք։ Ինչքա՞ն կարելի ա: Այն օրը Մալխասի կլուբում մի հատ գործարար է նստած, գիշերվա մեկն է, ասի մի քիչ ինձ քամուն տամ, գնացի, հասա։ Մալխասը ասաց՝ արի, կծանոթացնեմ՝ մի հատ գործարար կա, իր հետ: Ծանոթացանք, էդ սուրճ խմելու ժամանակ ասի՝ սենց-սենց, ասեց մի 300 հազար կարող եմ տալ: Ու հիմա ես առաջին անգամ էդ քայլին գնում եմ, որովհետև, երբ գնում եմ կառավարություն, ինձ ասում են՝ «ա՛յ մարդ, ձեր ուստավով տրված է` փող աշխատեք,-ասաց նա։


Լևոն Իգիթյանը հավելեց, որ ինքն էլ կառավարությանը բացատրում է, որ փող աշխատելու դեպքում իրենց հիմնական ուղղվածությունը և արվեստը կտուժեն:


Ինչ վերաբերում է փայտամշակման արտադրամասին, ապա Կենտրոնը, ըստ ղեկավարի, մշտապես զգում է դրա կարիքը: «Ցանկացած ցուցահանդես անելիս, մենք հին ցուցահանդեսը (նկարները )շրջանակներից հանում ենք, նորի վրա ենք անցկացնում, հետո նորից նորի վրա ենք հավաքում: Սրան-նրան խնդրելով ամեն անգամ չի լինի: Մենք ֆոնդերում հզոր գործեր ունենք, դրանք վատ վիճակում են գտնվում, շկաֆներ են պետք, էդ բոլորի համար գումար է պետք»,-ավելացրեց Լևոն Իգիթյանը:


Լևոն Իգիթյանի սեղանին դրված էր Հրաչ Համբարձումյանի ազատման հրամանը. տնօրենը պատմեց, որ առաջին անգամ իր տնտեսական մասով տեղակալից լսելով, որ Հրաչ Համբարձումյանը չի ազատում քանդակի բաժնի տարածքը, հրավիրել է իր մոտ, բացատրել, վերջինս էլ, ըստ Իգիթյանի համաձայնել է, հետո նորից տեղեկացել է, որ չի ազատում տարածքը: Այնուհետև արդեն կանչել է իրավաբանին, որն էլ պատրաստել է Հրաչ Համբարձումյանին աշխատանքից ազատելու հիմքերը (վերադասի հրամանը չկատարելու հիմքով). դրանից հետո Լևոն Իգիթյանին սկսել են զանգահարել «ամենատարբեր կալիբրի չինովնիկներ» և միջնորդել նրա համար:


Վերջին անգամ, երբ զանգահարել է ամենաբարձրաստիճան պաշտոնյան, նրան ներկայացրել է եղելությունը, հարցրել, թե ինչ կաներ, եթե իր հրամանը՝ տեղափոխվել մեկ այլ հարկաբաժին իրենց հիմնարկում, իր ստորադասը չկատարեր, ստացել պատասխան, որ «գլուխը կթռցնեի»։ Սակայն Իգիթյանն ի վերջո որոշել է փոխել իր հրամանը:


«Բայց ինքը պետք է գնա այնտեղ, որտեղ ես կասեմ: Ես կարող եմ ցույց տալ այն տեղը, որտեղ ինքն աշխատում էր և այնտեղ, ուր տանում եմ՝ վերանորոգված, ջեռուցմամբ: Ես իրեն տանում եմ մեր հիմնական նկարչական ստուդիայում առանձին սենյակ, բայց այնտեղ չկա էդ հնարավորությունը, որ հյուրեր ընդունի, կոֆե, չգիտեմ։ Այսինքն՝ ինքը այստեղ չի լինելու սեփական արվեստանոցի մետրի կարգավիճակում»,-հայտարարեց Լևոն Իգիթյանը:


Նշենք, որ վաղը ՀՀ Հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովը քննելու է այս հարցը։

 

Գեղագիտության ազգային կենտրոնում քանդակի բաժնի տեղափոխումը՝ Հանրային խորհրդի քննարկման առարկա