Նյու Յորքի շուրջ 18 կմ երկարությամբ և 335 մլն դոլար արժողությամբ պատ կկառուցվի (լուսանկարներ, տեսանյութ)

10:47 • 06.10.14

Նյու Յորքի իշխանությունները հավանության են արժանացրել Big U դիզայներական թիմի նախագիծը։ Այն ենթադրում է քաղաքի շուրջ երկար պատի կառուցում, որը կամրապնդի ափային հատվածը, գրում է style.rbc.ru-ն։

 

2012-ին «Սենդի» փոթորիկը վնասել էր ամերիկյան քաղաքների ենթակառուցվածքների մեծ մասը։ Երկրի երեսից «ջնջվել» են տներ, նավահանգիստներ, գրասենյակային շինություններ, հեղեղվել են շատ թունելներ և մետրոներ։ Լրջորեն վնասվել է Նյու Յորքը. քաղաքը պարզապես պատրաստ չէր աղետին։

 

Հենք Օվինկը, ով այդ ժամանակ աշխատել է Հոլանդիայի ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում և պատասխանատու էր ջրային ոլորտի համար, «Սենդի» փոթորկից հետո մեկնել է ԱՄՆ և միացել հետևանքների վերացման համար պատասխանատու թիմին։ Այդ ժամանակ էլ նա առաջարկել է Նյու Յորքի և Նյու Ջերսիի ափային գոտու ամրապնդման նախաձեռնությունը։

 

Օվինկը Rebuild by Design մրցույթ է հայտարարել, որտեղ դիզայներները, ճարտարապետները և ինժեներներն առաջարկում են իրենց գաղափարներն առավել ժամանակակից և ապահով ափային ենթակառուցվածք ստեղծելու հարցում։

 

2013-ի հուլիսին ընդունվել է 148 աշխատանք։ Գրեթե 1 տարի անց ժյուրին ընտրել է 6 հաղթողներին։ Նրանցից մեկը՝ Big U դիզայներական թիմը, առաջարկում է կառուցել հսկայական պատ՝ 18 կմ երկարությամբ։ Այդ ամբողջ կառույցը պետք է ընդգրկի Մանհեթենի հարավային մասը՝ բնական աղետից պաշտպանելով զբոսայգիները, հասարակական վայրերը և փողոցները։ Նախագծի իրականացմանը հատկացվել է 335 մլն դոլար։

 

 

 

Նյու Յորքի շուրջ 18 կմ երկարությամբ և 335 մլն դոլար արժողությամբ պատ կկառուցվի (լուսանկարներ, տեսանյութ)