Տաջիկստանում «Վիքիպեդիան» արգելափակել են՝ ընդդիմադիր հանրահավաքի կոչերի համար
Տաջիկստանում 200-ից ավելի կայք են արգելափակել հոկտեմբերի 10-ին նախատեսված ընդդիմադիր հանրահավաքի գնալու կոչերի համար: Ցանկում են հայտնվել Facebook-ը, «ВКонтакте»-ն, YouTube-ը, Amazon-ը, «Московский комсомолец»-ը, «lenta.ru»-ն և ռուսալեզու «Վիկիպեդիա»-ն, հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով բջջային օպերատորների և ինտերնետ-պրովայդերների ներկայացուցիչների:
Տաջիկստանի կառավարությանը կից Կապի ծառայության ղեկավար Բեգ Սաբուրին հայտարարել է, որ իր գերատեսչությունը կապ չունի արգելափակման հետ և խոստացել է պարզել տեղի ունեցածը: Ընդ որում՝ նա նշել է, որ որոշ կայքեր «չեն ցանկանում խաղաղություն Տաջիկստանում»:
«Պետք է նշել, որ որոշ կայքեր չափազանց քաղաքականացված են, և մեր հասարակությունում խաղաղության և համաձայնության քարոզի փոխարեն կոնֆլիկտներ են հրահրում, ինչպես նաև տեղադրում են ծայրահեղական կոչեր և արտահայտություններ»,- ընդգծել է նա:
Հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքի հիմնական կարգախոսներն են «Տաջիկստանն առանց Ռահմոնի (երկրի նախագահը- Tert.am)», «Հանուն արդար ընտրությունների», «Հանուն արժանապատիվ կյանքի»:










