Երևանի տոնին մասնակցելու կժամանեն պատվիրակություններ` շուրջ 40 քաղաքներից
Tert.am–ը Երևանի 2796-ամյակի տոնակատարությունների առթիվ զրուցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի հետ, ով ասում է, որ տոնին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն շուրջ 40 քաղաքներից պատվիրակություններ։ Նա նաև նշում է, որ հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու նպատակով նախապատրաստական հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են: Այցերի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ Երևանի քաղաքապետի, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների հետ:
– Ամեն տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը երևանցիներից բացի մասնակցում են նաև տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրեր: Այս տարի տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին: Արդյո՞ք Երևանն այս տարի ևս պատրաստվում է արտերկրից հյուրեր ընդունել։
– «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում տարեցտարի ընդլայնվում է մայրաքաղաղաք այցելող պատվիրակությունների թե´ աշխարհագրությունը և թե´ քանակը: Այս տարի հյուրեր ենք սպասում Ավստրիայի, Իտալիայի, Իրանի, Լատվիայի, Լիտվայի, Լիբանանի, Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Էստոնիայի, Չերնոգորիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև ԼՂՀ-ի մի շարք քաղաքներից: Երևանում կհյուրընկալենք նաև Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը: Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, միջոցառումներին մասնակցությանը հաստատել են պատվիրակություններ 40 քաղաքներից: Սա աննախադեպ է Երևանի համար, ինչը, իհարկե, պայմանավորված է հատկապես վերջին տարիներին միջազգային ակտիվ համագործակցության ընդլայնմամբ: Համեմատության համար պետք է նշեմ, որ, օրինակ, 2003 թվականին 4, 2009-2011 թվականներին՝ 10-18 պատվիրակություն է մասնակցել մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումներին: Նույնիսկ 2013-ին, երբ տոնում էինք մայրաքաղաքի 2795-ամյակը, կլոր տարեդարձ, հյուրընկալեցինք 32 պատվիրակություն:
– Հյուրերի մասնակցությամբ ի°նչ հիմանական միջոցառումներ և ծրագրեր են նախատեսված:
– Հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու նպատակով նախապատրաստական հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են: Այցերի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ Երևանի քաղաքապետի, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների հետ: Տեղի կունենան նաև աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, որոնք, վստահ եմ, փորձի փոխանակման և ձևավորված համագործակցության զարգացման տեսանկյունից կարևոր են կողմերի համար: Կստորագրվեն նաև մի շարք համաձայնագրեր՝ այդ թվում օրինակ Նովոսիբիրսկի հետ՝ այդպիսով արդեն իսկ ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները տեղափոխելով գործական դաշտ:
Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումն այս հարցում հստակ է՝ «Երևանը բաց ու պատրաստակամ է հաստատել նոր կապեր և համագործակցել տարբեր քաղաքների հետ»: Նշեմ նաև, որ տոնակատարության օրերին Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան 2025» միջազգային կոնֆերանսը, որտեղ կներկայացվեն մեր մայրաքաղաքի ոչ միայն ձեռքբերումները, այլև կքննարկվեն մինչև 2025թ. զարգացման հեռանկարները: Եվ, իհարկե, ինչպես բոլոր երևանցիները, այնպես էլ մեր գործընկերները հնարավորություն կունենան ներկա գտնվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցկացվող տոնական միջոցառումներին, մասնկացել շքերթին, այցելել պատմամշակութային վայրեր և ծանոթանալ մայրաքաղաքի ու, ընդհանրապես, հայկական մշակույթի հարուստ ժառանգությանը:
– Ի°նչ սկզբունքով են ընտրվում այն քաղաքները, որոնց ուղարկվում է տոնի մասնակցության հրավեր:
– Առհասարակ տոնակատարությանը մասնակցելու հրավեր է ուղարկվում Երևանի քույր և գործընկեր բոլոր քաղաքներին ու կազմակերպություններին: Բացի այդ «էրեբունի-Երևան»-ը լավ հնարավորություն է նոր կապեր հաստատելու տեսանկյունից և պատահական չէ, որ հյուրընկալվող քաղաքների ցանկում շատ են առաջին անգամ Երևան այցելող պատվիրակությունները:
– Ձեր նշած ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները համայնքային բյուջեից են հատկացվել:
– Չնայած սահմանափակ ռեսուրսներին այս տարիների ընթացքում մշտապես կարողացել ենք բարձր մակարդակով ընդունել և ճանապարհել մեր հյուրերին: Երևանը միշտ էլ հայտնի է եղել իր հյուրընկալությամբ և առանձնահատուկ ջերմությամբ, որը փոխանցվում է մայրաքաղաք այցելող յուրաքանչյուր օտարերկրացուն և դա արդյունք է ոչ թե ծախսվող գումարների, այլ երևանցիների ջերմության և ամենակարևորը, թերևս այն հարմարավետությունն է, որ զգում են մեր հյուրերը Երևանում գտնվելիս և այն մթնոլորտը, որը համահունչ է այս տարվա «Երևան՝ իմ տուն» կարգախոսին: Անշուշտ, մեզ են նաև մեր աջակիցները, հովանավորները նույնպես:










