Լեհահայ նկարիչ Թ. Աքսենտովիչի՝ անկախ Հայաստանում ցուցահանդես ունենալու երազանքն իրականացավ. Փ. Միրզոյան
Իրականացավ ազգությամբ հայ, բայց Լեհաստանում ստեղծագործած նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի երազանքը. ազատ ու անկախ հայրենիքում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը: Այսօր լեհահայ նկարչի անհատական ցուցահանդեսի բացմանն այս մասին ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը և ավելացրեց, որ նրա ստեղծագործություններում արտահայտված է լեհ ժողովրդի կյանքի ու արվեստի իմաստը, բայց ազգությամբ հայ նկարչի արվեստում միշտ իր տեղն է ունեցել հայկական թեման:
«Այսօր ցուցադրվում է նաև մի ստեղծագործություն, որը կոչվում է «Հայաստանի մկրտությունը»: Այդ աշխատանքից զգացվում է նրա մեծ սերը դեպի հայրենիքը: Նա երազել է անկախ Հայաստանի մասին և այսօրվա ցուցահանդեսը նրա երազանք էր: Աքսենտովիչը համարվում է Լեհաստանի մեծ նկարիչ, Եվրոպայի տասնյակ մայրաքաղաքներում բացվել են նրա անհատական ցուցահանդեսները»,-ասաց նա:
Լեհաստանի Սոպոտ քաղաքի արվեստի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնե Բուսկին ընդգծեց, որ մեծ պատիվ է ցուցադրել հայ և լեհ մեծագույն գեղանկարչի գործերը Հայաստանում:
«Նա հանդիսանում է 19-20-րդ դարերի մեծագույն ստեղծագործողներից մեկը: Շնորհակալ եմ բոլոր այն հայերին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս հանդիսության կազմակերպման գործում»,-ասաց նա:
Հանդիսության ավարտին Փարավոն Միրզոյանը Կենտրոնական բանկի կողմից թողարկված Աքսենտովիչի անվան հուշադրամ շնորհեց երկու երկրների առաջին տիկնանց:
Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա տիկին Ռիտա Սարգսյանը, ինչպես նաև Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմորովսկան:
Նշենք նաև, որ 2014թ-ի հունիսի 18-ին Սոպոտի արվեստի պետական պատկերասրահում տեղի էին ունեցել «Հովհաննես Այվազովսկի. Ժամանակ և հավերժություն» և «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրերով՝ երկու հանրահայտ նկարիչների ցուցահանդեսները: Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության Նախագահների հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսները բաց եղան մինչև սեպտեմբերի 21-ը: Ի դեպ, Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդեսը Սոպոտում երկրորդն էր Լեհաստանի պատմության մեջ, իսկ առաջինը տեղի էր ունեցել 1875 թ-ին:










