Ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ օրիգինալ է. «Սուպեր մամա» ֆիլմի դերասանները՝ պրեմիերայից առաջ

20:23 • 07.10.14

«Սուպեր մամա» ֆիլմի պրեմիերայից առաջ այսօր Մոսկվա կինոթատրոնում ֆիլմի գլխավոր դերասաններն ու հեղինակները լրագրողներին ֆիլմի մասին որոշ մանրամասներ ներկայացրին:


Գլխավոր դերակատար և սցենարի համահեղինակ Հայկ Մարությանի խոսքով՝ ֆիլմն իր մեջ պարունակում է դրամայի տարրեր, կա նաև սիրո պատմություն: Այն պատրաստվել է մոտ մեկ տարի՝ մտահղացումից սկսած մինչև ավարտը:

 

«Բյուջեն կազմում է մոտ 250 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ֆիլմի մեսիջը՝ հումորի միջոցով տալ ինչ-որ մի պրոբլեմի լուծում: Չեմ ուզում ավելի բացել փակագծերը»,-ասաց նա և ավելացրեց. «Քանի որ նաև սցենարի համահեղինակն եմ, ասեմ, որ ֆիլմը կապ չունի ոչ մի ամերիկյան կամ եվրոպական ֆիլմի հետ: Ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ օրիգինալ է, նման չէ իմ նշած հայտնի ֆիլմերին»:

 

Հայկ Մարությանի փոխանցմամբ՝ քառասուն օրվա ընթացքում տեղի է ունեցել 25 նկարահանում, ֆիլմը Հայաստանում է նկարահանված, հիմնականում՝ Դիլիջանում: Սցենարի հեղինակն է Վարդան Զադոյանը:


Հարցին, թե ինչու ֆիլմում դեր չունի նաև Մկոն, Հայկ Մարությանը պատասխանեց. «Մեր ֆիլմում բոլոր դերերը բաժանված են ըստ դերասանների, կոնկրետ Մկոյին համապատասխան դեր չկար այս ֆիլմում»:

 

Անդրադառնալով Գարիկ Պապոյանի դերին՝ Հայկ Մարությանը նշեց. «Մենք գտել ենք, որ այս դերը շատ լավ կարող է խաղալ նաև Գարիկը: Շատ լավ է ստացվել Գարիկի դերը: Բոլորը խաղացել են շատ լավ»:


Իր հերթին Գարիկ Պապոյանն ասաց. «Սա կարող էի դիտել որպես հանդիսատես և ուրախանալ, բայց ստացա հնարավորություն նաև խաղալու: Այս անգամ ինձ բաժին է ընկել կինոյի չար դերը: Ինձ համար սա, կարելի է ասել, ևս մեկ դպրոց էր, երբեք չես կարող ասել, որ այլևս սովորելու բան չկա, միշտ էլ կարելի է զրոյից սկսել և սովորել ինչ-որ բան»:

 

Ապագայի ծրագրերի մասին էլ նա ավելացրեց. «Ապագա ծրագրերի մասին ինչ պիտի ասեմ, էս ֆիլմի հետ չի առնչվում, բայց ֆիլմը տվեց մեծ ոգևորություն: Մեծ հաճույքով կընդունեմ այլ առաջարկներ»:


Ֆիլմում ընդգրկված է նաև երեխայի դեր, որը կատարում է «Հրեշտակների դպրոց» սերիալի դերասան Արման Մարտիրոսյանը: «Հեշտ չի, բայց քանի որ լավ անձնակազմ է, ստացվել է»:

 

Երեխայի դերի մասին Հայկ Մարությանն ավելացրեց. «Արմանի տրամադրությունը միշտ լավ էր, միշտ պատրաստ էր: Ստացել ենք այն, ինչ հարյուր տոկոսով գրված էր սցենարում: Մեր ամենավտանգավոր կերպարը դարձավ մեր ապագա շահեկան կերպարը»:


Ֆիլմի ռեժիսորը Վահագն Խաչատրյանն է և Արման Մարությանը:

 


 

Ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ օրիգինալ է. «Սուպեր մամա» ֆիլմի դերասանները՝ պրեմիերայից առաջ