Էրմիտաժի կատուները սնունդ կստանան իրենց մասին մանկական գրքի վաճառքից ստացված հասույթից
Ամերիկուհի Մերի Էն Էլինը մանկական գիրք է գրել Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Էրմիտաժ թանգարանում բնակվող կատուների մասին և հայտնել, որ ԱՄՆ-ում գրքի վաճառքից գոյացած եկամուտների մի մասը կհատկացնի այդ կատուների համար սնունդ և դեղորայք գնելու համար։
Մի քանի տասնյակ կատուներ բնակվում են Ռուսաստանի հայտնի թանգարանում սկսած Ելիզավետա թագուհու (1741-1761թթ.) ժամանակներից և համարվում են թանգարանի անբաժանելի մասը, գրում է РИА Новости-ն։
Թագուհին ինքն է հրամայել կատուներին թանգարանում բնակեցնել, երբ Սանկտ Պետերբուրգում առնետների քանակը բավականին շատացել է։
Գրողը պատմել է, որ Էրմիտաժ է այցելել 2005-ին իր թոռնուհու հետ և, տեղեկանալով այնտեղ բնակվող կատուների մասին, որոշել է գիրք գրել՝ այն վերնագրելով «Աննան և Էրմիտաժի կատուները»։
Գրքի շնորհանդեսը կայացել է հոկտեմբերի 6-ին, ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանում։










