Amazon-ը մտադիր է իր առաջին «օֆլայն» խանութը բացել Նյու Յորքում
Ամերիկյան Amazon ընկերությունը մտադիր է իր առաջին «օֆլայն» խանութը բացել Նյու Յորքում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Ինչպես գրում է թերթը, առևտրի կենտրոնն իր աշխատանքը կսկսի տոնական առևտրի սեզոնին ընդառաջ: Աղբյուրների համաձայն՝ խանութը կտեղակայվի Էմփայր-սթեյթ-բիլդինգ երկնաքերի մոտակայքում և նույն փողոցում, ինչ Macy’s ունիվերմագը:
Ինչպես նշում է թերթը, խոսքն ընկերության ողջ 20-ամյա պատմության ընթացքում Amazon-ի առաջին ոչ վիրտուալ խանութի մասին է: Առկա տեղեկություններով՝ Մանհեթենում գտնվող առևտրի կենտրոնում գնորդները կկարողանան վերցնել իրենց առցանց պատվերները: Բացի այդ, խանութը հանդես կգա նաև որպես առաքողների համար բաշխման կենտրոն:
Խանութի բացումը փորձարարություն է, հստակեցրել են աղբյուրները և հավելել, որ Amazon-ի պլանները կարող են դեռ փոխվել:










