Տաջիկստանում անջատել են SMS հաղորդակցությունը
Տաջիկստանի բջջային օպերատորներն անջատել են բաժանորդների միջև կարճ տեքստային հաղորդագրություններով (SMS) փոխանակվելու հնարավորությունը, հաղորդում է interfax.ru-ն:
Դա արվել է իշխանությունների հրահանգով, ովքեր ուրբաթ օրվա երկրորդ կեսին ընդդիմության հանրահավաք են ակնկալում, հայտնել են բջջային ընկերություններում աղբյուրները: Պաշտոնապես օպերատորները SMS-ներ ուղարկելու անհնարինությունը բացատրում են տեխնիկական խնդիրներով:
«Երեկ երեկոյան մենք հրահանգ ենք ստացել Կապի ծառայությունից անջատել SMS ծառայությունները, ինչը և մենք արել ենք: Պատճառները մեզ չեն հայտնել: Որքան երկար կտևի անջատումը՝ մենք չգիտենք»,- հայտնել է բջջային ընկերություններից մեկի ղեկավարության ներկայացուցիչն անանունության պայմաններով:
Միևնույն ժամանակ իշխանություններն ակտիվ պատրաստվում են ընդդիմության հանրահավաքին: Դուշանբեում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, քաղաքի մուտքերի մոտ տեղակայվել են ուժեղացված անցակետեր և զրահատեխնիկա: Քաղաքում կարելի է նկատել զինված զինծառայողների, կենտրոնական փողոցներում շատ ոստիկաններ կան:










