ԱՄՆ-ում հաքերները գողացել են Kmart խոշոր առևտրային ցանցի գնորդների բանկային քարտերի համարները
Kmart խոշոր ամերիկյան առևտրային ցանցն ուրբաթ հայտնել է, որ ենթարկվել է հաքերների հարձակմանը, հաղորդում է ТАСС-ը:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի սկզբին չարամիտները րիթեյլերի վճարային համակարգ են ներդրել նոր վնասակար ծրագրային ապահովում՝ նման համակարգչային վիրուսի, որը թույլ է տվել նրանց գողանալ գնորդների վարկային և դեբետային քարտերի համարները: Kmart-ը չի պարզաբանում՝ քանի մարդ է դարձել հաքերների զոհ:
Ներկայում ծրագիրն արդեն հեռացվել է: Առևտրային ցանցի ղեկավարությունը կարծում է, որ չարամիտները չեն ստացել ո՛չ դեբետային քարտերի pin կոդերը, ո՛չ հաճախորդների որևէ անձնական տեղեկություններ:
Րիթեյլերն անմիջապես տեղեկացրել է դեպքի մասին ամերիկյան իշխանություններին: Այժմ ընկերությունը քննում է դեպքը դաշնային կառավարության և բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ:










