ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մեքենայի և մոսկովյան ՃՈ մեքենայի բախման պատճառը մերկասառույցն է եղել
Այսօր առավոտյան ժամը 8:45 Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան խորհրդական Արա Ավետիսյանն իր անձնական ավտոմեքենայով աշխատանքի վայր երթևեկելիս, եղանակային վատ պայմանների պատճառով՝ ճանապարհին բախվել է Մոսկվա քաղաքի ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային: Այս լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց դեսպանատան խորհրդական, մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը:
«Դա եղել է ոչ թե ճանապարհային կանոնների խախտման պատճառով, այլ՝ մերկասառույցի»,-ասաց նա:
Լևոն Թորգոմյանը հայտնեց, որ տուժածներ չկան: «Բարեբախտաբար ո՛չ մեր դիվանագետին, ո՛չ ոստիկանության աշխատողին որևէ մարմնական վնասվածք չի հասցվել»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ մեքենաներին միջին չափի վնաս է հասցվել, որն արդեն ապահովագրության ընկերությունը փոխհատուցել է:










