ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը քննարկվելու է հանրային ընդդիմախոսության պայմաններում
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը առավելագույնը մեկ ամսվա ընթացքում պետք է քննարկվի և վավերականության ընթացակարգ անցնի Ազգային ժողովում:
«Քաղաքացիական պայմանագիր» հանրային- քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև քննարկված ու համակարգված չեն քայլերը, թե ինչ պետք է արվի պայմանագրի քննարկման օրը դրանք ի ցույց հանելու համար, այդուհանդերձ խնդիրը քաղաքական օրակարգում է:
«Եվ ակցիաների նպատակը միայն քայլերը չեն, որոնք ի ցույց կդնեն, որ երկրի ներսում եվրասիականության գաղափարին ընդդիմացողներ կան, այլ … մարդ ես, գուցե, դրա վավերացումը գազի պայմանագրի նման վիճելի եղա՞վ (հաշվիչ հանձնաժողովի անդամների ոչ լրիվ կազմի հետ կապված քվեարկության արդյունքում ստեղծվեց պատկեր, որ պայմանագիրը իրավական ոչ պատշաճ ընթացակարգերով է վավերացվել): Եվ ամեն ձևով պետք է կանխել, և կարծում եմ՝ ԱԺ-ում էլ մի բան կարվի, ԱԺ-ի դիմաց էլ, փողոցներում էլ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Նույն նախաձեռնության անդամ՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով չի կարծում, թե հանրային այս ընդդիմախոսության նշանները որևէ կերպ կարող են ազդել պայմանագիրը քննարկողների ու քվեարկողների վրա, այնդուհանդերձ, նկատեց, որ սա լինելու է դավաճանություն Հայաստանի երրորդ հանրապետության հանդեպ:
«Եվ այն նման է մոտ 800 տարի առաջվա դեպքերին, երբ Գետադարձ մականունով կաթողիկոսի ձեռամբ (Պետրոս Ա Գետադարձ ամենայն հայոց կաթողիկոսը համարվում է Հայոց պետականության կործանման անմիջական մեղավորներից մեկը) հանձնվեց Անին: Եվ նաև ինչպես բոլշևիկների ժամանակ, ամեն ինչ արեցին, որ Հայաստանի 1-ին հանրապետությունը դառնա բոլշևիկյան Ռուսաստանի մաս»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նրանք, ովքեր կվավերացնեն կմիանան երկրի ինքնիշխանությունը զիջելու հանցանքին։ «Իշխանությունը զավթել են ու այն ամեն կերպ օգտագործում են իրենց երկարակեցության համար»,- հայտարարեց նա։
Լևոն Բարսեղյանը, որպես ամփոփում նշեց, որ պայմանագրի վավերացումը լինելու է ՀՀ Սահմանադրության և անկախության հռչակագրի նորմերի շատ հասկանալի ու գիտակցված ոտնահարում:
«Զիջելու ենք Հայաստանի ինքնիշխանության մի մասը՝ տնտեսական, քաղաքական, մաքսային, բյուջետային և շատ այլ հարցերի լուծման մեր իրավունքը զիջելու ենք վերպետական մի մարմնի: Վերջացավ: Եվ մեր՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը զիջելը կոչվում է ինքնիշխանության զիջում, և փաստ է, որ Հայաստանն այս պայմանագրով այս իրավունքները զիջելու է վերպետական մարմնի: Ինձ համար ուրիշ բացատրություն, մեկնաբանություն, ջղաձգվող-չջղաձգվող, «ռուսների ծոցում» լա՞վ է, լավ չէ, սրանք բոլորը երկրորդական հարցեր են»,-նկատեց հրապարակախոսը:
Խորհրդային տարիների այլախոհ և քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը կարծում է, որ
Հայաստանի հասարակության 95-ի տոկոսը, որոնք Հայաստանի անկախության հանրաքվեին 95 տոկոսով կամ անմիջականորեն «այո» ասածներն են կամ նրանց սերունդները՝ «այո» ասած հայրերի որդիները, 95 տոկոսով դեմ են ԵՏՄ-ին միանալու պայմանագրին: Անկախ նրանից, թե փողոցում կհավաքվեն 3, 10, 30, թե 1000 հոգի:
«Այդ զանգվածը 91 թվականի սեպտեմբերի 21-ին է արձագանքել դրան և այդ 95 տոկոսը այդ վճռի որոշման պատասխանատվությունը կրում է: Եվ հաջորդ սերունդն էլ է ասում՝ մենք քվեարկել ենք, մենք հայ ենք: Եվ ես չեմ համարում, որ հայ ժողովուրդը համարում է, որ ճակատամարտ է տվել և պարտվել է, հայ ժողովուրդը սիրում է ազատությունը և տակտիկական նկատառումներով թույլ է տալիս, որ միայն ակտիվիստները հանդես գան իր անունից: Եվ սա բավարար է: Այնքանով, որ հայտ ներկայացնողներ կան»,– ասաց նա:
«Ու էնպես չէ, որ հայ ժողովուրդը անտեղյակ է (ԵՏՄ անդամակցության պայմանագրից, դրան վերագրվող վտանգներից – Tert.am ), տեղյակ է, և ճիշտ ժամանակին 30 կամ 10 հոգի են հարցը բարձրացնում: Երբ նսպաստավոր պայմաններ ստեղծվեն, մեր ժողովուրդը՝ մեր ողջախոհ ժողովուրդը հանդես կգա: Ճիշտ չի լինի, որ ինքը դեռևս ջուրը տեսած բոբիկանա: Չկա՛ ջուրը, իրականում դրանք դեռ խոսակցություններ են, իրականում մենք դեռ չգիտենք՝ Ռուսաստանին ինչ է սպասվում: Շատ հնարավոր է, որ դեռ մենք կարեկցենք ու աջակցենք ռուս ժողովրդին գալիք էդ փորձանքների ժամանակ»,- ասաց Ազատ Արշակյանը:
Նախկին քաղբանտարկյալը այն, որ «այս նոր իմպերիական արշավին» Հայաստանի հասարակության հիմնական մասը չի ընդդիմանում ու հակադարձում, բացատրում է 3 պատճառով, որոնք բնավ էլ չեն նշանակում, որ մենք տեր չենք մեր 91 թվականի որոշմանը:
«Առաջինը և ամենակարևորը, որ մենք համարում ենք, որ առայժմ միայն վտանգ է ու ահազանգը, որ դա դեռևս շոշափելի չէ: Այսինքն՝ հասարակությունը դանդաղ է արձագանքում, նա չի կարող շատ արագ մանևրել»,- ասաց նա և որպես երկրորդ պայման մատնանշեց այն, որ դեռ հույս կա, որ այդ նախագիծը կձախողվի: Ճիշտ այնպես, ինչպես ձախողվեցին հետխորհրդային բոլոր մյուս նախաձեռնությունները:
Հիշեցնենք, որ Tert.am-ը նաև փորձել էր պարզել, թե ինչ դիրքորոշում են ունենալու պայմանագրի նկատմամբ ԱԺ 6 խմբակցությունները, և միայն «ժառանգություն» խմբակցության մասով եղավ հստակ պատասխան, որ պայմանագրին դեմ են քվեարկելու:
Իսկ Դաշնակցությունը կքվեարկի կողմ, քանի որ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել էր, որ Մաքսային միությանը կողմ լինելու իրենց հրապարակավ արտահայտված դիրքորոշումը այս ընթացքում որևէ փոփոխություն չի կրել։
Հաշվի առնելով, որ «Հանրապետական» խմբակցության ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, ով 2013-ին Մոսկվայում հայտարարել է ՄՄ-ին միանալու մասին, իսկ 2014-ին Մինսկում ստորագրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, ապա Հանրապետական կուսակցությունը, բնականաբար, կողմ կքվեարկի:
«Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր« խմբակցություններում վիճակը այնքան էլ միանշանակ չէ, որովհետև օրինակ՝ ՕԵԿ-ից հայտնել էին, որ և՛ բացասական անդրադարձներին են ուշադրություն դարձնում, և՛ դրական, իսկ ԲՀԿ-ից էլ հայտնել էին, թե քանի որ խմբակցության ներսում տարբեր տեսակետներ կան, ապա հնարավոր ռիսկերի ու մարտահրավերների մասին հարցերի պատասխանները ստանալուց հետո քվեարկությունից առաջ մեկ անգամ ևս կքննարկեն, և ինչպես մեծամասնության դիրքորոշումը ձևավորվի, այնպես էլ կքվեարկեն:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չէր ցանկացել պատասխանել այս մասին հարցին:










