Առանց շապիկի ու գլխարկի գնում ենք Սիբիր. Բագրատ Ասատրյանը՝ ԵՏՄ անդամակցության մասին
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության խնդիրները քննարկվել են քաղաքական կամ տեխնիկական-նորմատիվային հարթությանում, սակայն կա խնդիրների մի մեծ խումբ, որոնք առ այսօր դեռ չեն քննարկվել, ինչը Tert.am-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համեմատեց նրա հետ, որ շոգ ամռանը, առանց շապիկի ու գլխարկի, գնան Սիբիր:
-Պարո՛ն Ասատրյան, շուտով Ազգային ժողով կբերվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Եթե մի կողմ թողնենք Ձեր՝ Հայաստանի ինտեգրման ուղղության վերաբերյալ հայացքները և անդրադառնանք այլ հարցերի, մասնավորապես՝ ի՞նչ սպասումներ կարող ենք ունենալ բազմաթիվ ռիսկերի հետ կապված, սկսած շուրջ 800 անուն ապրանքների մաքսատուրքերի տարբերությամբ պայմանավորված գների թանկացումից, մինչև բազմաթիվ հարցականներով այլ հարցեր: Սա ինչի՞ է բերելու:
-Նախ, կառաջարկեի խոսել ավելի լայն, որովհետև, ըստ իս, մինչև հիմա խոսել ենք կամ տեխնիկական կամ քաղաքական խնդիրների մասին. ես շարունակում եմ մնալ այն դիրքերին, որ սա մեզ լայն իմաստով ապագա խոստացող չէր: Էլ չասած՝ պարտադրվող և այլն:
Բայց կա նաև խնդիրների մի մեծ հատված, որոնք առ այսօր դեռ չեն քննարկվել: Խոսքը մեր երկրներում իրականացվող տնտեսական քաղաքականության և առանձին միջոցառումների մասին է: Լա՛վ, գնում ենք Մաքսային միություն: Բայց մենք մտնելու ենք մի միջավայր, եթե անալոգիա անցկացնենք, ոնց որ ամառվա շոգ ամսին մենք գնում ենք դեպի սիբիրյան ցրտեր, բայց գնում ենք առանց…
-Վերնաշապիկի …
-Ու առանց գլխարկի: Ու բացի այդ ամեն ինչից ռուսական մի արջ, մեզ շատ սիրելով, փորձելու է մեզ գրկել ու համբուրել: Հիմա, ի՞նչ է լինելու Հայաստանի տնտեսության հետ և արդյո՞ք մենք կարող ենք այս կարճ ժամանակահատվածում այս խնդիրները լուծել: Կրկնում եմ՝ առ այսօր այս խնդիրների մասին ոչ ոք չի խոսել:
Մենք մտնում ենք լրիվ այլ տնտեսական միջավայր: Լավ, հասկացանք մաքսատուրքը բարձր, սակագինը ցածր, սա ինչ-որ ձևով լուծվող խնդիր է: Իսկ տնտեսական քաղաքականությա՞ն հետ, իսկ արժութային քաղաքականությա՞ն հետ կապված, մասնավորապես, կոնկրետ դրսևորումների հետ կապված ի՞նչ է լինելու: Իսկ, ընդհանրապես, շուկայական հարաբերությունների տարբեր մակարդակներում գտնվելու հանգամանքի հետ (ԵՏՄ անդամ երկրների) մենք ո՞նց ենք վարվելու:
-Եթե չեմ սխալվում ՝ մենք ԱՀԿ անդամ ենք, Ռուսաստանը պատրաստվում է դառնալ:
-Նախ, ուզում եմ հիշեցնել, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը մեր անդամությունը բավականին երկար պատմություն ունի, և այն առևտրային ռեժիմները, որոնք գործում են Հայաստանում, որակապես տարբերվում են Ռուսաստանից: Բայց խոսքը տնտեսական քաղաքականության սկզբունքների մասին է: Տեսեք՝ Ռուսաստանի համեմատ, (կարևորը, որոշիչը Ռուսաստանն է, մյուս երկրների հետ համեմատություններ չենք անում) տնտեսական քաղաքականության իմաստով ազատականության բավականին բարձր աստիճանի ենք հասել:
Կարող ենք խոսել թվերով` բյուջե-ՀՆԱ եկամուտներ հարաբերակցություն, ծախսեր-ՀՆԱ հարաբերակցություն: Տնտեսական մոդելը իսկապես տարբեր է: Եկե՛ք խոսենք ինձ ավելի հարազատ դրամավարկային քաղաքականության մասին. մենք շատ վաղուց անցել ենք գնաճի նպատակադրման քաղաքականությանը՝ որոշակի կոնկրետ լուծումներով, դրսևորումներով: Ռուսաստանը, կրկին, նոր պետք է անցում կատարի և կրկին՝ ասում է, որ պետք է հետաձգի արժութային քաղաքականությունը այս սպասումների պարագայում: Բոլորն ասում են՝ Ռուսաստանը մեծ շուկա է, արժութային քաղաքականությունը Հայաստանում և Ռուսաստանում տարբեր է, և արդյո՞ք այդ տարբերությունները հնարավորություն են ստեղծելու հայ արտադրողի համար ռուսական շուկայում որևէ դրսևորում ունենալ։
-Պատկերավոր Ձեր հարցը ճշգրտեմ, այսինքն՝ այնքան խորը և համակարգային տարբերություններ են, որ դրանք չի կարելի համեմատել օրինակ՝ երկու տարբեր վարչապետերի քաղաքականությունների հետ՝ իրենց խմբագրումներով ու սրբագրումներով:
-Ա՛յս վարչապետը, ա՛յն վարչապետը, որոշակի տարբերություններով որոշակի գլոբալ խնդիրների նկատմամբ անհամեմատելի տարբերություններ կարող են ունենալ…
-Բայց ՌԴ-ում էլ է, չէ՞, ազատ շուկայական տնտեսություն:
-Այո, ազատ են, բայց տեսե՛ք պետության՝ որպես տնտեսվարող սուբյեկտի դերերի տարբերությունը երկու երկրների տնտեսության մեջ: Ռուսաստանում, գիտեք, որ բոլոր խոշոր ընկերություններում պետության լուրջ մասնաբաժին կա: Մենք չունենք, իսկապես: Անգամ եթե այս նախարարների ու վարչապետերի սեփականությունը պետական համարենք , Ռուսաստանի հետ էլի չես համեմատի: Այսինքն՝ ռուսական ընկերությունները միշտ ունեն այսպես ասած՝ թիկունք: Էլ չեմ խոսում իրենց բյուջեի ձևավորման մասին… նավթ, և այլն, և այլն: Բայց Հայաստանում տնտեսվարողները ազատ դաշտում են գործում, էդ թիկունքը չկա և իրենց հույսն իրենք են:
Տեսե՛ք, Ռուսաստանում այսօր մի քիչ վիճակը վատթարացել է արտաքին պատժամիջոցների հետևանքով, և պետությունը՝ ի դեմս պահուստային՝ռեզերվային միջոցների, որ մինչև հիմա կան, թիկունք է կանգնում։ Ամեն անգամ հայտարարում է՝ բա՛նկը խնդիր ունի, ասում է՝ բանկին կօգնեմ: Հայաստանը դա չունի, հիմա շատ պարզ հարց եմ տալիս: Բերեք հենց բանկերի օրինակով. եթե խնդիրներ առաջ գան, մեր բանկերն ի՞նչ վիճակում կհայտնվեն:
-Ի՞նչ խնդիրներ կարող են մեր բանկերի հետ առաջ գալ հենց այդ տարբերության հետ կապված:
-Շատ պարզ. մի ֆինանսական հատված, որն ունի թիկունք ի դեմս պետության՝ իր հսկայական ռեսուրսներով, նույն՝ իրենց ֆոնդերը, որոնք անընդհատ օգտագործվում են, բերում են, դնում են բանկերում և հայկական բանկերը, որոնք չունեն այդ միջոցները: Պարզ է, որ մրցակցային առումով ոչ մի համեմատություն և պարզ է, որ եթե մրցակցության խնդիր դրվի, մեր բանկերն անմիջապես՝ արդեն այդ պահին պարտված են լինելու:
-Այսինքն՝ Դուք կանխատեսում եք, որ մեր բանկերը փլուզվելո՞ւ են:
-Չեմ կանխատեսում, ասում եմ, որ եթե ինչ-որ ռիսկեր առաջ, գան, ի՞նչ մրցակցություն է լինելու, որովհետև, ի վերջո, մտնելով այս համակարգ, մենք հասկանում ենք, որ ինչ-որ պատժամիջոցներ կարող են նաև մեր դեմ լինել: Այս պարագայում ի՞նչ է լինելու մեր բանկային համակարգի հետ: Հարց եմ տալիս, որի պատասխանն ուղղակի չունենք: Բայց մենք կրկին հարցը շատ նեղ տեսանկյունից ենք դիտարկում, ես խոսում եմ տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների մասին, խոսում եմ դրամավարկային քաղաքականության մասին, խոսում եմ արժութային քաղաքականության մասին: Մենք այսօր չունենք այն լծակները , գործիքները , մոտեցումները, որ քիչ թե շատ կարողանանք մեր տնտեսությունը պաշտպանել հնարավոր ռիսկերից:
-6 ամիս է՝ օրենսդրական ինչ-որ ներդաշնակեցումներ են արվում:
-«Օրենսդրության ներդաշնակեցում» ասելով՝ ավելի շատ տեխնիկական և նորմատիվային խնդիրներ ենք հասկանում՝ մաքսատուրքեր, և այլն, և այլն:
-Բայց Դուք խոսում եք քաղաքական -տնտեսական հարցերի մասին:
-Այո, բայց խոսում ենք այդ հարցերի մի փոքր հատվածի մասին: Եվս մի շատ կոնկրետ օրինակ՝ արժութային քաղաքականությունը Ռուսաստանում և Հայաստանում: Ռուսաստանը, ելնելով իր հնարավորություններից, միշտ արժութային քաղաքականության մեջ այսպես… կառավարվող փոխարժեքի միջանցք ունի. սահմանում է վերին և ներքին շեմերը, և Կենտրոնական բանկը մասնակցում է և այլն, և այլն: Մենք լողացող փոխարժեքի սկզբունքն ունենք, և այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկը գնացել է միջամտությունների, մենք բացասական հետևանքներ ենք ունեցել: Խոսքը 2008-2009 թվականների մասին է, երբ Կենտրոնական բանկը հսկայածավալ ինտերվենցիաներ արեց և ընդամենը մեր ուժը, մեր ռեսուրսը հերիքեց 5 ամսվա համար: Մեկ էլ մի օր պայթեց, դա մարտի 3-ի հայտնի բանն էր, երբ դրամը «պայթեց»՝ արժեզրկվեց 25 և ավել տոկոսով մեկ օրվա ընթացքում:
Սա ոչ միայն շոկ էր, այլ նաև տնտեսվարողի համար հարված էր, սովորական մարդու համար էլ, որի գրպանում գուցե դոլար կար, հարված էր: Սա շոկ էր, որից Հայաստանը ակնհայտորեն կորցրել է: Ռուսաստանում ակնհայտ է, որ նման բաները չեն կարող լինել։ Եվ հաշվի առնենք, որ Ռուսաստանը միշտ ունի արտաքին առևտրի դրական պրոֆիցիտ (եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ)՝ իմպորտը ավելի ցածր է, քան էքսպորտը՝ ի հաշիվ հայտնի գործոնների:
Հայաստանը հակառակ տիպի տնտեսություն ունի, իմպորտը մեզ մոտ 2.5-3 անգամ գերազանցում է էքսպորտին: Հիմա այս պարագայում մեր քաղաքականությունների համադրելիությունը ո՞նց ենք ապահովելու:
-Ի վերջո այս ամենն ինչի՞ կհանգեցնի:
-Տնտեսական վիճակի վատթարացման, տնտեսական քաղաքականության արդյունավետության նվազման:
-Բայց հայտարարվել է, որ ԵՏՄ-ի մաքսատուրքերի 1.5%-ն ուղղվելու է Հայաստան:
- Էս պահին հնարավոր է, որ գումարային առումով լավ լուծումներ լինեն, գումարներ գան: Բայց եկեք խոսենք այլ երևույթի մասին: Ռուսաստանը դեռևս պատժամիջոցների ներքո է գտնվում, որոնք հիմնականում արտահայտվելու են իմպորտի ծավալների կրճատման տեսքով: Այս պարագայում մաքսատուրքերի ընդհանուր ծավալը նվազելու է: Հիմա այս պարագայում, հաջորդ տարիների ընթացքում արդյո՞ք Հայաստանի վրա ոչ մի պատժամիջոց չկա, և նույն ռեժիմով՝ ելնելով իր ֆինանսական հնարավորություններից, պետք է շարունակի իր արտաքին առևտուրը: Հիմա, այս պարագայում արդյո՞ք այդ ռիսկը չկա, որ մուտքերն այն աստիճան կկրճատվեն, որ Հայաստանն արդյունքում ավելի շատ տուժի, քան եթե չանդամակցեինք :
-Իմպորտի կրճատում եք ասում, բայց իրենք ասում են՝ այդ դաշտը մյուս դաշտով են փոխարինելու…
-Դա ուրիշ է, ես ասում եմ կոնկրետ մաքսատուրքերի մասին, որոնց ընդհանուր ծավալը կրճատվելու է, արդյո՞ք այդ նվազումը Հայաստանի վրա չի ազդելու: Իհարկե ազդելու է, և վաղը մյուս օրը մենք սա տեսնելու ենք: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք քննարկման առարկա պետք է լինեն: Ես բյուջետային քննարկումների գործընթացին քաղաքացու և մի քիչ էլ ավելի մասնագիտական հայացքով փորձում եմ հետևել ու հասկանալ՝ ինչ է կատարվում: Առաջինը, բնականաբար, նայում եմ միջնաժամկետ զարգացման ծրագիրը, ես տեսնում եմ, որ ոչ մի արձագանք դեռ չկա: Այս զարգացումները, որ Ռուսաստանում տեղի են ունեցել, տեղաշարժերը, որոնք տնտեսության մեջ արտահայտված չեն, որևէ կերպ արտացոլված չեն ծրագրում:
-Վարչապետն ասել էր, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները վատ կանդրադառնան և նախանշված մոտ 4% տնտեսական աճն էլ, հնարավոր է՝ չկարողանան ապահովել:
-Հիմա ի՞նչ անենք, սենց վարչապետի անհանգստությամբ սփոփվե՞նք, թե՞ ծրագիր մշակենք, որի պարագայում Հայաստանի տնտեսությունը քիչ թե շատ պաշտպանված կլինի: Ռիսկերի մասին որևէ բան ընդհանրապես չկա, եթե համեմատենք միջնաժամկետ ծրագրի հետ, 2015թ.-ի համար նախատեսված ցուցանիշների նվազեցում է նախատեսվում, նույն տնտեսական աճի մասով։ Սա Կառավարության ծրագիրն էր, այն ծրագիրը, որով այս Կառավարությունը կազմավորվեց, հիմա այս ծրագրից Կառավարությունը հրաժարվում է:
Հիմա. քաղաքական հետևանքներ արդյո՞ք չպետք է լինեն։ Լավ, այս հարցը բերեք դնենք մի կողմ: Բայց բերեք հասկանանք՝ է՞լ ինչ ռիսկեր կան: Ակնհայտ է, որ 2015թ.-ի համար նախատեսված 4.1% տնտեսական աճի ցուցանիշը իրականությունից շատ հեռու է:
Գանք բյուջեին: Բյուջեի եկամուտների մակարդակը ավելի ցածր է նախատեսվում, քան միջնաժամկետ ծրագրով: Էլ ի՞նչ ռիսկեր կան, մինչև ինչքա՞ն կարող է նվազել տնտեսական աճը: Արդյոք մենք չե՞նք մոտենում այն իրավիճակին, որը կար 2009թ-ին, երբ բոլորը հասկանում էին, որ վատ է լինելու, անգամ վարչապետը բանավոր հայտարարեց, որ վատ է լինելու, բայց բերեցին հաստատեցին մի հատ բյուջե, որից հետո ասացին՝ դե ճգնաժամ էր: Եվ ոչ մեկը հետո պատասխան չտվեց, թե ինչու Հայաստանում ամենաբարձր տնտեսական անկումը եղավ: Արդյո՞ք մենք այսօր չենք մոտենում նման իրավիճակի: Ասեմ, որ ռիսկը, իրականում, բավական մեծ է, և այո, 2015 և գալիք տարիների համար սպասելի է տնտեսական անկումը կամ քիչ թե շատ ընկալելի աճը: Իսկ ընկալելին Հայաստանի համար առնվազն 7%-ն է:
Հիմա այս տարի ասում են՝ 4 տոկոս տնտեսական, իսկ Դուք զգո՞ւմ եք այդ աճը, իսկ այդ ո՞նց է լինում, որ բնակչության էական տոկոսը արտագաղթում է: Ուրեմն՝ իրական չէ աճը, կամ դրա դրսևորումներն այնպիսին են , որ հասարակությունը, սովորական քաղաքացին իր չի զգում իր վրա:
Հիմա ո՞վ պետք է այս մասին խոսի, եթե ոչ Կառավարությունը: Ես խորհրդարանի վրա հույս չունեմ՝ ի դեմս իշխող կուսակցության, այստեղ այլ խնդիրներ ունեցող մարդիկ են: Իրենց հետաքրքիր են իրենց անձնական եկամուտները և մտածում են՝ ոնց անեն, որ իրենց եկամուտների մակարդակը չնվազի, և կարող է նույն զավեշտը լինել, որ երկրում 15%-անոց տնտեսական անկում լինի, բայց որևէ գործարար չտուժի կամ չսնանկանա: 2009թ. քանի ՞ խոշոր գործարար սնանկացավ: Եղե՞լ է այդպիսի բան, այո, թե ոչ: Իհարկե ոչ, բայց Դուք ասեք: Իսկ հասարակության, բնակչության 15 տոկոսը սնանկացել է։










