Սիրիահայերի համար ավան կառուցելու բոլոր հարցերը պետությունը լուծել է, մնացածն իրենց որոշելիքն է. Հրանուշ Հակոբյան

19:35 • 03.11.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը ՀՀ ԱԺ-ում պետբյուջեի քննարկմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեց հստակեցնել՝ եթե Ուկրաինայի հայերը ցանկանում են վերադառնալ Հայաստան, ու՞մ դիմեն:

 

«Ուկրաինայից շատ հայեր նամակ են գրում ինձ, որ ուզում են վերադառնալ, բայց շատերը ուղղությունը լավ չեն պատկերացնում՝ ինչպես: Մի մասը չգիտի՝ ինչպես վերականգնել ՀՀ քաղաքացիության փաստաթղթերը, նույնիսկ պատրաստ են Արցախ գնալ, մյուս մասը փող չունի, դիմում են Ուկրաինայի հայերի միությանը, այստեղից ուղարկում են դեսպանատուն, այստեղից էլ էլի չգիտեն… »,-հարցրեց նա և հետաքրքրվեց նաև սիրիահայերի համար կառուցվող ավանի ճակատագրով:


Ուկրաինայի հայերի մասով նախարարը նշեց, թե իրենց գործիքները երկուսն են՝ դեսպանատներ կամ գլխավոր հյուպատոսություններ և համայնքային կառույցներ:


Նախարարը տեղեկացրեց, որ միգրացիայի վարչություն էլ ունենք, բացի այդ՝նրանք կարող են նաև Սփյուռքի նախարարություն դիմել: «Մենք որ սիրիահայերով զբաղվում ենք, նույն խումբը նաև զբաղվում է ուկրաինահայերով, առողջության, կրթության, փաստաթղթերի և այլն. ինչ հարցով կարողանում ենք, օգնում ենք»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է ավանի կառուցմանը, ապա նախարարը նշեց, որ մի քանի անգամ ասել է, որ 628 հոգի դիմել է բնակարանի հարցով, և իրենք նրանց խնդրանքը կատարել են: «Նրանք մեզնից են տարածք և նախագծեր ուզել, բոլոր հարցերը պետությունը նրանց համար լուծել է, մնացածն իրենց որոշելիքն է: Եթե սկզբնական շրջանում ավելի ակտիվ էին, որ գումարներ դնեն տներ կառուցելու համար, ապա կամաց-կամաց գումարները նվազեցին, հիմա կարծես թե այդքան էլ ակտիվ չեն, այդ բոլոր հարցերով սիրիահայերի խնդիրներով զբաղվող կենտրոնն է զբաղվում, թե ինչքանով կկարողանա յուրանչյուր բնակիչ կամ սիրիահայ գումար տրամադրել, մենք ինչքանով կարող ենք օգնենող ու աջակցող գտնել, դա այլ խնդիր է»,-նշեց նա:


Հրանուշ Հակոբյանը նշեց՝ եթե յուրաքանանչյուրը 2-5 դոլարով աջակցի, ծրագիրը կարող է իրականություն դառնալ. հաշվեհամարներ կան, որոնց արված փոխանցումները, սակայն, մեծ չեն: