Բեքհեմը, Քիդմանը և այլ հայտնիներ ստեղծել են հայտնի Պադինգթոն արջուկի իրենց տարբերակները (լուսանկարներ)

16:52 • 03.11.14

Մի շարք հայտնի դեմքեր՝ Դևիդ Բեքհեմ, Նիկոլ Քիդման, Էմմա Ուոթսոն, Սանդրա Բուլոք, Քեյթ Մոս, Բենեդիկտ Քամբերբետչ և այլք, մասնակցել են Լոնդոնի նոր տուրիստական նախագծին և ստեղծել անգլիացի հայտնի Պադինգթոն արջուկի իրենց հեղինակային տարբերակները, գրում է РИА Новости-ն։

 

Արձանիկները, որոնց շնորհանդեսը կայացել է այսօր Լոնդոնում, նոյեմբերի 4-ից կհայտնվեն քաղաքի փողոցներում, ինչպես նաև որոշ տուրիստական օբյեկտներում։ Արձանները կտեղադրվեն որոշակի վայրերում՝ հատուկ երթուղով, որն անվանվել է «Պադինգթոնի ծառուղի»։

 

Նախապես համացանցում փնտրելով երթուղու հատակագիծը և որոնելով արջուկներին մեկը մյուսի ետևից՝ զբոսաշրջիկները կկարողանան հայտնվել Լոնդոնի ամենահայտնի վայրերում՝ Բիգ Բեն, Սուրբ Պողոսի տաճար, Թաուերի կամուրջ, Գրինվիչի թագավորական աստղադիտարան և, իհարկե, Պադինգթոնի կայարան, որի հարևանությամբ ապրում է արջուկի մասին գրքերի հեղինակ Մայքլ Բոնդը։

 

1958-2012թթ. նա գրել է 22 պատմություն Պադինգթոն արջուկի մասին, որոնց հիման վրա նկարահանվել է մանկական սերիալ։