Արտաքին քաղաքական ուղղվածության հարցում «Ժառանգության» դիրքորոշման փոփոխություն չկա. Արմեն Մարտիրոսյան

22:08 • 04.11.14

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշման փոփոխություն կա՝ պայմանավորված Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի վերջին շրջանի գործողություններով:


«Ես չեմ կարծում, որ դիրքորոշման փոփոխություն կա: Եվրամիության մեր գործընկերները ևս 2013թ.-ի նախագահական ընտրությունների կեղծիքներին մասնակցեցին, լեգիտիմացրեցին այդ կեղծիքները՝ իմանալով, թե ինչ է կատարվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Վերջինիս ներկայացմամբ՝ խոսքը նաև այն մասին է, որ Ղարաբաղի հետ կապված՝ իրենք միշտ այն մոտեցումն ունեն, որ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ ներկա արտաքին քաղաքական գործընթացը նկատի ունենալով՝ որևէ միության մեջ Հայաստանը պետք է մտնի՝ նախապես ճանաչելով ԼՂՀ անկախությունը:

 

Հարցին, թե ինչպես է Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցությունը քվեարկելու ԵՏՄ-ի փաստաթղթերին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց՝ կուսակցության հայտարարությանը համաձայն. «Մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի կողմից ոչ լեգիտիմ ստորագրությանը»,-ասաց նա և շեշտեց, որ միանշանակ դեմ են քվերակելու: