Գերմանիայում թարգմանչի սխալի պատճառով տարհանել են միգրացիոն կենտրոնը

16:13 • 04.11.14

Արևմտյան Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության գրասենյակը տարհանվել է, երբ թարգմանիչը սխալմամբ ասել է, որ փախստականը «քիմիական զենք» պարունակող շիշ է բերել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

 

Ինչպես հայտնել է Դորտմունդի հրշեջ ջոկատի հերթապահ Ատանասիոս Տանոսը, տագնապի ազդանշանով կանչել են 48 հրշեջի, այդ թվում՝ պաշտպանական հագուստով ապաակտիվացման հատուկ խմբի:

 

«Մենք տարհանել ենք բոլորին՝ մոտ 20 մարդու: Վերջիվերջո պարզվել է, որ թարգմանիչը սխալ է արել: Այն բանից հետո, երբ ստուգել են հեղուկը, պարզվել է, որ դա մեղրի նման մի բան է եղել»,- ասել է Տանոսը:

 

Թարգմանչին կանչել են, որպեսզի նա օգնի սերբին ապաստան տրամադրելու մասին դիմում ներկայացնել, քանի որ դիմողը գերմաներենի չի տիրապետել:

 

Թարգմանիչը սխալմամբ հայտնել է միգրացիոն գերատեսչության աշխատակիցներին, որ տղամարդն իր հետ «քիմիական զենք» է բերել, չնայած իրականում սերբը փորձել է բացատրել, որ այդ հեղուկն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի իրեն քիմիական հարձակումից:

 

Միգրացիոն գերատեսչության աշխատակիցները կարողացել են վերադառնալ աշխատավայր տարհանումից մոտ մեկ ժամ անց: