Էթյեն Մահչուփյանի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ նա հեռու է հայկական ցավերից
Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանի վերջին շրջանի հայտարարություններն ի ցույց են դնում այն, որ նա բավականին հեռու է հայությունից, հայության խնդիրներից, բոլոր այն ցավերից, որոնք աշխարհի ողջ հայությունն է կիսում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Մահչուփյանի հայտարարությունը, որ ինքը, ըստ էության, հնարավոր չի համարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությունը:
«Վերջին շրջանում, երբ որ ինքը դարձավ վարչապետի գլխավոր խորհրդական, այդ ժամանակվանից և նաև այլ հայտարարությունները մեծ հարցականներ են առաջացնում: Օրինակ՝ ինքը հայտարարել էր, որ Հայաստանի և Սփյուռքի միջև կան տարաձայնություններ՝ կապված Հայոց ցեղասպանության հետ՝ ճանաչման և 100-րդ տարելիցի: Սա միանշանակ սխալ է, և հայ լինելով, պետք է իմանա, որ սա այն խնդիրն է, որ համայն հայության մեջ չեն կարող լինել տարաձայնություններ: Եվ նույն բանը դրանից հետո կրկնեց երկրի նախագահը՝ Էրդողանը»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նշենք, որ Էթյեն Մահչուփյանի կանխատեսումների մասին տեղեկացրել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ Ermenihaber.am կայքին հղումով և ավելացրել, որ Մահչուփյանն ասել է, թե «Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է իրավիճակը հասունանա, և նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում: Քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատ կոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրքիան այդ ժեստը չի անի»:
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը Մահչուփյանի մոտ սխալ մոտեցումների շարան է տեսնում: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, թե քանի որ Հայաստանը 2015-ին կկոշտացնի իր դիրքորոշումը,ապա Ռուբեն Սաֆրաստյանն ասաց.«Էրդողանի գալը կամ չգալը Հայաստանի դիրքորոշման հետ ոչ մի կապ չունի: Եվ եթե գա, ապա գալու է առաջին հերթին՝ իր երկրի պատիվը մի քիչ բարձրացնելու, այլ ոչ թե Հայաստանի համար»:
Որպես ամփոփում՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Էթյեն Մահչուփյանը չէր կարող իմանալ՝ կգա՞ էրդողանը Հայաստան, թե ոչ և ավելացրեց. «Մինչև ապրիլի 24-ը կես տարի ժամանակ կա և չեմ կարծում, որ ինքը կարող է կանխատեսել, որ նախագահ Էրդողանը գալո՞ւ է, թե՞ չի գալու: Ես կարծում եմ՝ նույնիսկ Էրդողանն ինքը չի իմանում, որովհետև չի որոշել: Եվ Էրդողանը շատ էսպես… իմպուլիսվ մարդ է և կարծում եմ, որ նա վերջին պահին այս մասին որոշում կընդունի »,- ավելացրեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Ի պատասխան հարցի, թե վերը նշվածից կարելի՞ է ենթադրել, որ ըստ Սաֆրաստյանի՝ Մահչուփյանը կրում է թուրքական իսթեբլիշմենթը ազդեցությունը, նա նկատեց.«Նա ոչ թե այդ ազդեցությունն է կրում, այլ այդ իսթեբլիշմենթը մի մասն է կազմում»:
Հիշեցնենք, որ թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը Էթյեն Մահչուփյանի՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակման մասին Tert.am -ի հետ զրույցում ասել էր, որ այս նշանակումից ո՛չ պետք է ոգևորվել, ո՛չ ինչ-որ դավադրություններ փնտրել դրանում:
Նա նաև արձանագրել էր, որ Էթյեն Մահչուփյանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության պատմությունը բավականին հետաքրքիր դրվագներ ունի և որ շատ փաստեր իրականությանը հայտնի չեն: Նրա խոսքով՝ իրականում Էթյեն Մահչուփյանին և Հրանտ Դինքին դեռ 2002 թվականին հրավեր է եղել, որպեսզի նրանք «Արդարություն և զարգացում» կուսակցության համամասնական ցուցակով մասնակցեն ընտրություններին, բայց այն ժամանակ Էթյեն Մահչուփյանը մերժել է, թեև նրա ու «Արդարություն և զարգացում» կուսակցության կապը պահպանվել էր:
Tert.am–ի հետ զրույցում թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը կրկնեց իր նախկին հայտարարությունները՝ ասելով, որ Թուրքիայի քաղաքական համակարգում չի կարող լինել այնպես, որ այնտեղ կարևոր հայեցողական պաշտոն զբաղեցնողը հայանպաստ գործունեություն ծավալի:
«Այդ մարդն առաջին հերթին գործելու է հենց թուրքանպաստ, մնացածն արդեն մեկնաբանման հարց է: Ինքը չի կարող այդ շրջանակից դուրս բան անել, նրան այնտեղ նշանակել են որոշակի քաղաքական գործունեություն ծավալելու համար: Անգամ անպայման չէ, որ հենց հայկական գործոնի հետ կապվի նրա գործունեությունը: Այնպես որ, պետք է շատ մեծ ակնկալիքներ չունենանք, որ հետո չհիասթափվենք: Սա մի գործընթաց է, որը պետք է օգտագործենք որպես հնարավորություն, կկարողանանք օգտագործել այն»:
Վահրամ Տեր Մաթևոսյանը նույնպես անմտություն է համարում Թուրքիայի առաջին դեմքի որոշման մասին ամիսներ առաջ ասելը: Ինչ վերաբերում է Ցեղասպանության մասով Հայաստանի՝ կոշտ հռետորաբանությանը, ապա նա ասաց..«Հայաստանը 2010 թվականից է անցել կոշտ հռետորաբանության, դրա մեջ նորություն չկա, ու ինչ կոշտ հռետորաբանության էլ անցնի Հայաստանը, դրա միակ պատճառը հենց Թուրքիան է: Իսկ թե հնչած տեսակետն իրատեսական է, թե ոչ, կարող եմ նաև այլ գործոններ ավելացնել, այդ թվում նաև այն, որ Թուրքիան կլինի ընտրությունների նախաշեմին: Այնպես որ, եթե լինի ցանկություն, ապա այդ ամեն ինչը երկրորդական է»:
Ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի այս հարցում ավելի շատ գործ ունի անելու Հայաստանը, այն է՝ դրսևորել առավելագույն կառուցողականություն այս ողջ պրոցեսում:
Ինչ վերաբերում է կոնկրետ Էթյեն Մահչուփյանի հայտարարություններին, ապա թուրքագետը արձանագրեց, Մահչուփյանը քաղաքական գործիչ է արդեն ու քաղաքական գործչին հարիր հայտարարություններ է անում:










