«ԱրմենՏել» ՓԲԸ-ն աշխատակիցներին աշխատանքից ազատել է առողջական խնդիրների պատճառով

12:24 • 05.11.14

«2007 թ. «MEDEP» բժշկական կենտրոնի կողմից «ԱրմենՏել» ՓԲԸ-ի 683 աշխատակիցներ անցել են բուժզննում, որի հետևանքով 101-ը մնացել է առանց աշխատանքի` առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Այսօր այս մասին ներկայացրին տուժողները:


Տուժող Գեղամ Ներսիսյանը մամուլի ասուլիսին պատմեց, որ 2007 թ. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն իրեն կանչում է կենտրոնական բաժին և հայտնում, որ ինքն աշխատանքից ազատվել է՝ առողջական վիճակով պայմանավորված: Գեղամ Ներսիսյանն ասաց, որ նախևառաջ աշխատանքի ազատման որոշմամբ տեղի է ունեցել Աշխատանքային օրենսգրքի խախտում, քանի որ ազատման մասին երկու ամիս առաջ պետք է հայտնել աշխատակցին:


Նա հայտնեց, որ դիմել են Առաջին իրավասության դատարան, սակայն հայցը մերժվել է, քանի որ ոչ մի փաստաթուղթ չէին ներկայացրել, որովհետև ընկերությունը չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե այդ բժշկական եզրակացությունը գաղտնի է: Ի վերջո, տուժողը դիմել է Եվրադատարան որտեղ էլ հայցը չի ընդունվել՝ հիմնավորվելով, որ տեղական ատյանները դեռ չեն սպառվել: Ունենալով արդեն բժշկական եզրակացություն տուժողը նորից դիմել է դատարան, սակայն այս անգամ էլ ոչ մի արդյունք:


Ի դեպ, Գեղամ Ներսիսյանը հայտնեց, որ հետագայում պարզվել է, որ «MEDEP» բժշկական կենտրոնը ակնբուժական հետազոտություն անցկացնելու իրավասություն չի ունեցել, այնինչ իրեն ազատել են աչքի տեսողության վատ լինելու պատճառով: Նա ասաց, որ ինքն այլ բժշկական կենտրոնում ստուգում է անցել և տեսողության ոչ մի խնդիր չի արձանագրվել, նույնիսկ ակնոց չի կրում:

Հիասթափվելով դատական ատյաններից՝ տուժողը դիմել է Նախագահի աշխատակազմ, որն էլ գործն ուղարկել է ոստիկանության գլխավոր վարչություն, վերջինս էլ այն հանձնել է դատախազություն և դատախազությունը համարել է, որ նաև պետությանն է վնաս հասցվել: Հիմա տուժողը նորից դիմել է Վերաքննիչ դատարան:


Մեկ այլ տուժող՝ Գագիկ Վարդանյանը, նշեց, որ իրեն աշխատանքից ազատել են տեսողության պատճառով, այնինչ ինքը էլեկտրամոնտյոր է և իր ունեցած «-3» տեսողությունը իր աշխատանքի համար խոչընդոտ չէ: