«Դ!ԵՄ ԵՄ»-ը նոյեմբերի 12-ին բողոքի ակցիա կանցկացնի դասախոսների և գիտաշխատողների խնդրով
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը նոյեմբերի 12-ին բողոքի ակցիա կանցկացնի ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ պահանջելով լուծել համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդիրը։
Նախաձեռնությունը, տեղեկացնելով, որ ժամը 12:30-ին հավաքվում են նախարարության մոտ, հիմնավորել է իր պահանջը. «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի»՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահից պետական համակարգում աշխատող քաղաքացիներն՝ առանց կամարտահայտման հնարավորության, ընդգրկվեցին կուտակային համակարգի մեջ։ Պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը տարածվեց նաև պետական և մասնավոր ոլորտներում համատեղությամբ աշխատողների վրա: Գիտության, կրթության ոլորտում աշխատող շատ երիտասարդ մասնագետներ համատեղությամբ աշխատում են նաև առաջատար մասնավոր ընկերություններում և, չցանկանալով պարտադրաբար ընդգրկվել կուտակային համակարգի մեջ, ստիպված դադարեցրին այդ ոլորտներում ծավալած իրենց գործունեությունը: Ավելի քան 30 դասախոս դուրս եկան պետական ԲՈՒՀ-երից, երկու տասնյակ երիտասարդ գիտնական՝ Գիտությունների ազգային ակադեմիայից:
Խնդրի մասին բաց նամակով դասախոսները դիմեցին Կառավարությանը, իսկ «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն իր հերթին դիմեց ԲՈՒՀ-երի ղեկավարներին: Դրանից հետո կրթության ոլորտի բազմաթիվ պաշտոնյաններ իրենց մտահոգությունը հայտնեցին, և վարչապետը սեպտեմբերի 4-ին հանձնարարեց ֆինանսների նախարարությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետում քննարկել բուհերի աշխատակիցների բարձրացրած խնդիրները և դրանք լուծելու ուղիներ առաջարկել:
Խնդիրը մինչև այժմ բաց է մնում և ավելի հրատապ է դառնում այն պատճառով, որ այս խայտառակ օրենքի համաձայն՝ եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել: Արդյունքում՝ կրթության և գիտության ոլորտների՝ համատեղությամբ աշխատող մասնագետներն, ովքեր դեռ դուրս չեն եկել աշխատանքից, ակնկալելով hարցի շուտափույթ լուծում, նույնպես մեծ հավանականությամբ՝ կցանկանան հրաժարվել դրանից:
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում կրթությանը և գիտությանը նետված այս մարտահրավերի հարցով, ցանկանում են, որպեսզի ԲՈՒՀ-երում դասավանդեն երիտասարդ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև՝ գիտության ոլորտի երիտասարդացումը համարում են կարևոր խնդիր, միանալ բողոքի և պահանջի ցույցին:
Այսպիսով՝ հանդիպում ենք նոյեմբերի 12-ին, ժամը՝ 12:30-ին, ֆինանսների նախարարության շենքի մոտ»:










