«Անոնիմուսների երթի» մեկնարկին մի քանի երիտասարդներ բերման ենթարկվեցին (տեսանյութ)
19.40
Ոստիկանները թույլ տվեցին շարունակել երթը՝ պայմանով, որ մասնակիցները պետք է հանեն դիմակները: Նրանք համաձայնեցին և շարունակեցին երթը:
Երթին մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը):
19.11
Հանրապետության Հրապարակի տարածքում ոստիկաններն ակցիայի մասնակիցներից պահանջեցին հանել դիմակները՝ պատճառաբանելով, որ չեն տեսնում նրանց դեմքերը։ Վերջիններս հրաժարվեցին. ոստիկանությունը բերման ենթարկեց դիմակ կրող մի աղջկա։
Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այս պահին ոստիկանները փակել են երթի մասնակիցների ճանապարհը։
18.55
«Անոնիմուսների երթը» մեկնարկեց՝ Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, Ազատության հրապարակ երթուղով։ Մասնակցիները վանկարկում են՝ «ազատություն քաղբանտարկյալներին» և անուններ են հնչեցնում։
Ի պատասխան հարցի, թե ինչու են ակցիայի մասնակից երիտասարդները բերման ենթարկվել, Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանն ասաց, որ նրանք խախտել են այլոց ազատ տեղաշարժի իրավունքը։
18.40
Երևանի Ազատության հրապարակում այսօր երեկոյան նախատեսված «Անոնիմուսների երթը» մեկնարկի սկզբից ընդհատվեց, քանի որ 6 երիտասարդների ոստիկանությունը բերման ենթարկեց։
Երիտասարդներին բերման ենթարկելու պատճառն այն էր, որ ոստիկաները պահանջեցին նրանց հանել «Անոնիմուսի» դիմակները, սակայն վերջիններս չենթարկվեցին։
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ այսօր պլանավորել էին Ազատության հրապարակում երթ անցկացնել՝ ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և ընկերների, որոնց մեկ տարի առաջ ճիշտ այս օրը ձերբակալել էին։
Հավաքվածների մյուս մասն, այդուհանդերձ, փորձում է երթն իրականացնել։















