Չեն պարզաբանվում այն դրական հետևանքը, որ կարող է ունենալ դեղերի դրոշմապիտակավորումը. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեղերի դրոշմապիտակավորման գործընթացին, ասաց, թե նմանատիպ գործընթացները պարունակում են որոշակի ռիսկեր, որոնք բոլորս որակելու ենք, թե չեն բխում սպառողի շահերից, բայց մյուս կողմից՝ սրանք ունեն նաև դրական արդյունքներ, այսինքն՝ անմիջականորեն շահում է սպառողը:
Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ դեղերի դրոշմապիտակավորման հետ կապված գործընթացը չի հանգեցնի դեղերի գների էական բարձրացման:
«Կամայական օրենք և օրենսդրական ակտը, որն օրինակացվում է, ունենում է մի քանի հետևանք: Երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի» մասին օրենքը, ես գիտակցում էի, որ այս օրենքով կարող ենք ապահովել հետագծելիության սկբունք, օրինակ՝ պարենային ապրանքների համար: Եթե փաստաթղթաշրջանառությունն ապահովվում էր ամենուր, ամեն կերպ, եթե մենք կամայական վայրում հայտնաբերում էինք որևիցե խնդիր, ապա հետաձգելիության սկզբունքով կարողանում էինք գնալ և հասկանալ վտանգի աղբյուրը»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Սակայն նա իր նշած մեկնաբանությունը դեռ պետության կողմից, պատկան մարմինների կողմից չի լսել:
«Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, որ այս նույն շրջանառության հարկը, որը կարող է դրական արդյունք ունենալ սպառողի համար պարենային անվտանգության ապահովման հետագծելիության սկզբունքի ապահովման գործընթացում, այս մեկնաբանությունը պետության կողմից չի տրվում: Այսինքն՝ դրական հետևանքը, որ այն կարող է ունենալ, ի վերջո՝ չի պարզաբանվում, որովհետև օրենսդրությունն ի սկզբանե գրվել է ո´չ թե այս նպատակը հետապնդելու համար, այլ՝ ընդամենը հարկային մուտքերը շատացնելու համար»,-նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը՝ շարունակելով. «Հիմա երբ ասում ենք, թե գնում ենք դեղերի դրոշմապիտակավորման, պետք է հասկանանք, թե ինչի համար ենք գնում այդ գործընթացին՝ որպեսզի ապահովենք հետագծելիության սկզբու՞նքը, անվտանգությու՞նը, թե՞ այս ամենն արվում է հարկային մուտքերի համար: Եթե առողջապահական տեսանկյունից որևէ մոտեցում չկա, և ապագայում իրականացվելիք գործողությունների մասով երաշխիքներ չկան, ապա, իհա՛րկե, մենք տեսնելու ենք միայն բացասական հետևանքներ»:










