Ես կանգուն մարդ եմ, տեսել եմ և՛ վշտի տառապանքը, և՛ հաջողությունների բերկրանքը. Վլադիմիր Մովսիսյանի խոսքերը մեկ տարի առաջ

15:57 • 05.11.14

81 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացավ պետական, քաղաքական և հասարակական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանը, ով նախորդ տարի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել էր Պատվո շքանշանով՝ երկարամյա և արդյունավետ պետական-հասարակական գործունեության, ինչպես նաև տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար: Նույն օրը Նախագահը Վլադիմիր Մովսիսյանին շնորհավորելով 80-ամյակի առիթով, բարձր էր գնահատել նրա ավանդը երկրի կայացման գործում:


«Երկար կարելի է խոսել Վլադիմիր Մովսիսյանի կյանքի անցած ուղու մասին: Կարելի է թվարկել նրա զբաղեցրած բազմաթիվ պաշտոնները և այդ ընթացքում Հայաստանում արձանագրված հաջողությունները: Բայց իմ կարծիքով, Վլադիմիր Մովսիսյանին կարելի է կարճ բնութագրել որպես «մարդ-դարաշրջան»: Իմ խորին համոզմամբ, Վլադիմիր Մովսիսյանն այն մարդկանցից մեկն է, ով ներկայացնում ու խորհրդանշում է հայ ժողովրդի պատմության կարևոր ձեռքբերումների դարաշրջանը»,- ասել է Նախագահը:


Իր հերթին Վլադիմիր Մովսիսյանը նախ շնորհակալություն էր հայտնել իր ընտանիքի անդամներին, ովքեր իր ամբողջ գործունեության ընթացքում հնարավորություն են ընձեռել իրեն ավելի արդյունավետորեն լծվել գործին, իսկ այնուհետև ասել. «Ես կանգուն մարդ եմ, տեսել եմ և՛ վշտի տառապանքը, և՛ հաջողությունների բերկրանքը, ամեն ինչ տեսել եմ: Եվ բոլորիցդ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք երբևիցե ինձ իմ ներքին աշխարհի հետ մենակ չեք թողել՝ եղել եք իմ կողքին և ինձ միշտ քաջալերել եք, ու ես կարողացել եմ կանգուն մնալ: Կանգուն մնալը բոլորիս պարտականությունն է: Ես այսօր էլ շարունակում եմ իմ գործունեությունը հանգիստ խղճով և մաքուր ձեռքերով»:


«Ես մեկ-մեկ, ինչպես բանաստեղծն էր ասում՝ խղճիս հետ զրույց եմ անում, 80 տարիների բարձունքից հետ նայելով վերլուծում եմ իմ անցած ճանապարհը, գնահատում արածն ու չարածը և սթափ գնահատելով, եզրակացություններ եմ անում: Այն, ինչ ես արել եմ, արել եմ ձեր օգնությամբ, մեր ժողովրդի օգնությամբ, մեր հանրապետության իմ գործընկերների, բոլոր օղակների և զինակիցների օգնությամբ»,- ասել է շքանշանակիր հոբելյարը: