Բանկոմատից գողության փորձ կատարած անձը ինքնակամ ներկայացել է. նա պայմանագրային զինծառայող է

11:18 • 05.11.14

Բացահայտվել է երևանյան բանկոմատից գողության փորձ կատարած անձի ինքնությունը. ԶԼՄ-ներում տեսնելով իր նկարը` անձն ինքնակամ ներկայացել է. այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նա տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել է բացել Երևան քաղաքի Վ.Սարգսյանի և Դեղատան փողոցների խաչմերուկում գործող, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատանող, պահեստարան հանդիսացող բանկոմատի դուռը, սակայն չկարողանալով բացել՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Լուսանկարը տարածվել էր ԶԼՄ-ներով։

Լուսանկարում պատկերված անձը նոյեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է  և հայտարարել, որ Երևան քաղաքի Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում գտնվող` «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատից գողության փորձը կատարել է ինքը և, ինտերնետային կայքերում տեսնելով հիշյալ դեպքի տեսագրությունը, որոշել է ինքնակամ ներկայանալ:

Անձը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նկատի ունենալով, որ կասկածյալը պայմանագրային զինծառայող է՝ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։