Փանջիկիձեն հայտարարությամբ հանդես կգա. Վրաստանի ԱԳ նախարարի հրաժարականը չի բացառվում

12:24 • 05.11.14

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, ով հանդիսանում է պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի թիմի անդամը, այսօր արտակարգ հայտարարությամբ հանդես կգա, hաղորդում է Новости-Грузия գործակալությունը:

 

Ըստ տարածված տեղեկությունների՝ չի բացառվում, որ Մայա Փանջիկիձեն հրաժարական կտա:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ որոշել էր պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային՝ հայտարարելով, թե թույլ չի տա քաղաքականացնել գերատեսչությունը:

 

«Մայա Փանջիկիձեն այսօր նախարարությունում արտակարգ հայտարարությամբ հանդես կգա»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը նախարարությունից՝ չնշելով, թե ինչն է լինելու ճեպազրույցի թեման:

 

Մեկնաբանելով տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն չէր բացառել Իրակլի Ալասանիայի թիմի անդամ հանդիսացող բոլոր նախարարների հրաժարականները: