Մեքսիկայում ցուցարարները պահանջում են գտնել կորած ուսանողներին
Մեքսիկական համալսարանների ուսանողները սկսում են 72-ժամանոց համազգային դասադուլ՝ ի աջակցություն ավելի քան մեկ ամսից առաջ Գերերո նահանգում կորած 43 ուսանողների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամենախոշոր բողոքի ակցիաներից մեկը պետք է անցկացվի չորեքշաբթի օրը՝ երկրի մայրաքաղաք Մեխիկոյում:
Բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցող ուսանողները կորել են սեպտեմբերի վերջին Իգուալա քաղաքում ոստիկանության հետ բախումներից հետո:
Իշխանությունների վարկածի համաձայն՝ նրանց առևանգել է ոստիկանությունը, որն այնուհետև նրանց հանձնել է տեղական ավազակախմբերի առաջնորդներին: Վկայություն տված ոստիկանները պնդում են, որ ուսանողների վրա հարձակումը «պատվիրել» է քաղաքապետը, ում դուր չէր գալիս նրանց բողոքի ակտիվությունը:
Իգուալայի քաղաքապետը փորձել է թաքնվել քննիչներից, բայց երեքշաբթի օրը ձերբակալվել է Մեխիկոյի արվարձանում:










