ԵՄ-ից ներգաղթյալները Բրիտանիայի տնտեսությանը 10 տարվա ընթացքում 20 մլրդ ֆունտ ստերլինգ են բերել. Independent
Եվրամիությունից բարձր որակավորմամբ ներգաղթյալները Բրիտանիայի տնտեսությանը տասը տարվա ընթացքում 20 միլիարդ ֆունտ ստերլինգ են բերել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին: Այդ մասին հայտնի է դարձել Լոնդոնի համալսարանական քոլեջի իրականացրած նոր հետազոտության տվյալների արդյունքներով:
Նշվում է, որ ԵՄ-ի նման քաղաքացիները Միացյալ Թագավորությանը որպես հարկ վճարել են 64 տոկոսով ավելի, քան հետ են ստացել արտոնությունների տեսքով:
Ինչպես հայտարարում են UCL-ի վերլուծաբանները, Եվրամիության քաղաքացիների նկատմամբ միգրացիոն քաղաքականությունում նոր հնարավոր սահմանափակումները թանկ կարժենան Բրիտանիային, քանի որ երիտասարդ և բարձր որակավորում ունեցող եվրոպացիները կկորցնեն հետաքրքրությունը երկրում ժամանակավոր բնակության նկատմամբ:
Մասնագետների հաշվարկներով՝ ԵՄ երկրներից, այդ թվում՝ Լեհաստանից ներգաղթյալները բրիտանական տնտեսությանը 2001-ից 2011 թվականներին բերել են ավելի քան 20 միլիարդ ֆունտ ստերլինգ: Պարզվել է նաև, որ 2000 թվականից պետական նպաստներ և հարկային զեղչեր ստանալու հնարավորությունը Միացյալ Թագավորություն եկած ներգաղթյալների համար 43 տոկոսով ցածր է, քան Բրիտանիայում ծնվածների համար:










