Amnesty-ն կոչ է անում պաշտպանել Ուկրաինայի արևելքի բնակչությանը

09:46 • 06.11.14

Դոնեցկում դպրոցական մարզադաշտում ռումբերի ընկնելու հետևանքով դեռահասների մահը վկայում է, որ հակամարտության կողմերը խախտում են քաղաքացիական բնակչության պաշտպանության պարտավորությունները, հայտարարել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախագահի տեղակալ Դենիս Կրիվոշեևը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են հակամարտության երկու կողմերը խախտում քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց իրավական պարտավորությունները: Այդ ողբերգական դեպքը վերջին օրինակն է նրա, թե ինչի է բերում այդ պարտավորությունների անտեսումը»,- ասել է Կրիվոշեևը:

 

Amnesty International-ում կոչ են անում անհապաղ և անկողմնակալ հետաքննություն անցկացնել այդ ողբերգական դեպքի վերաբերյալ:


«Եթե հաստատվի, որ դա պատերազմական հանցագործություն է, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ընդգծել են իրավապաշտպան կազմակերպությունում:

 

Չորեքշաբթի երեկոյան Դոնեցկի N 63 դպրոցի մարզադաշտում ռումբերի ընկնելու հետևանքով երկու անչափահաս է մահացել, չորսը՝ վիրավորվել: