Աբխազական երկաթուղու վերագործակման շուրջ փակ բանակցություններ են ընթանում և հուսադրող ազդակներ կան. փոխնախարար

09:30 • 06.11.14

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում բացում է փակագծերը, որ աբխազական երկաթուղու վերագործակման շուրջ փակ բանակցություններ են ընթանում, որին մասնակցում է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ Փոխնախարարը նկատեց, որ հարցը ոչ թե տնտեսական է, այլ շատ ավելի քաղաքական. նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատելի են հարցի դրական լուծման համար հուսադրող ազդակներ։


-Պարո՛ն Առաքելյան վերջին շրջանում բավական ակտիվացել են աբխազական երկաթուղու վերաշահագործման շուրջ խոսակցությունները։ Ի՞նչ փուլում է գործընթացը։


- Այո, ինչպես հայկական կողմը, այնպես էլ՝ ռուսական և վրացական կողմը խիստ կարևորում են այս ծրագրի իրականացումը, այսինքն՝ աբխազական հատվածի երկաթուղային կապի վերականգնման գործընթացը։ Ուղղակի վերջերս հուսադրող արտահայտություններ անելու հնարավորություններն ավելի մեծացել են. մասնավորապես ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Յակունինի կողմից հայտարարություն է հնչել, որ կան հուսադրող ազդակներ։ Քանի որ բանակցությունները փակ են ընթանում, այսինքն՝ հարցն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական, այնտեղ խնդիր կա պայմանավորվելու Վրաստանի և Աբխազիայի իշխանությունների միջև, երևի թե պատկերացնում եք, որ այդ խնդիրը շատ բարդ մի կծիկ է։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ևս ներգրավված է այդ գործընթացների մեջ, և հուսով ենք, որ շուտով մեր հանրության առջև կկարողանանք կարևոր հայտարարությամբ հանդես գալ։


-Տեսակետներ են հնչում, որ ավելի շատ երկաթուղու վերաբացմանը դեմ է աբխազական կողմը, իսկ վրացական կողմն ավելի հակված է խնդրի շուտափույթ լուծմանը։


-Գիտեք, այնտեղ երկու շատ իրար հակասող դիրքեր կան՝ սահմանի հատման հատվածի մասով, այսինքն, թե որտեղ է հատվում սահմանն ըստ էության, և որտեղ է դրվում այդ կնիքը։ Սակայն, նորից եմ կրկնում, որ շատ ցավոտ թեմա է երկու կողմերի համար, ինչպես վրացական, այնպես էլ աբխազական, և մի շարք այլ խնդիրներ ևս կան։


-Պարո՛ն Առաքելյան, հանրապետական պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ խոստումը ՀՀ-ին տրվել է ԵՏՄ անդամակցության շրջանակներում, Ռուսաստանի կողմից։


-Գիտեք, այստեղ ոչ թե կասեմ՝ խոստում է, այլ ավելի շատ քաղաքական և տնտեսական գործոնների ազդեցություն, բայց որ բոլորն էլ կարևորում են՝ լավ հասկանալով, որ դա բարդ կծիկ է, և չեն սկսել ինչ-որ մի ժամանակահատվածից կամ խոստումից։ Բանակցություններն այդ ուղղությամբ շատ վաղուց են, նոր չեն սկսվել։


-Իսկ հաշվարկներ կա՞ն, թե որքան գումար կպահանջվի վերաշահագործման համար։


-Իհարկե, գումարներ կպահանջվեն, որովհետև այն ավելի քան 20 տարի չի գործել, և կան նաև զգալի վնասված հատվածներ, բայց համոզված եմ, որ եթե հարցին լուծում տրվի, դրա համար խնդիրներ չեն լինի։ Արդեն կան գնահատականներ, թե վերականգնման համար ինչքան գումար է անհրաժեշտ, սակայն գնահատականները խիստ տարբերվում են իրարից։ Դա պայմանավորված է նրանով, որ դեռ նախագծային կոնկրետ աշխատանքներ չեն իրականացվել, այսինքն՝ վերջնական հաշվարկներ չունենք։ Նորից եմ կրկնում, որպեսզի չվնասենք դրական գործընթացներին, դեռ զերծ ենք մնում հայտարարությունից, բայց հուսով ենք, որ հնարավոր է, որովհետև մեր բոլոր երկրների նախագահները՝ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան խիստ կարևորում են նախագիծը։


-Տնտեսական օգուտը հաշվարկվե՞լ է, թե ինչ կտա կոնկրետ Հայաստանին երկաթուղու վերագործարկումը։


-Բնականաբար, իհարկե, շատ մեծ օգուտների մասին է խոսքը, այսօր գիտենք, որ երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի, այդ թվում նաև Ռուսաստանի այլ տարածաշրջանների հետ խիստ բարդացված է, այսինքն՝ լաստանավ է օգտագործվում, որպեսզի այդ բեռները տեղափոխվեն օրինակ Ռուսաստանի տարածք, որը թանկացնում է բեռների գինը և աննախադեպ, շատ հետաքրքիր պրոյեկտ կլինի, եթե այդ դեպքում ռուսական երկաթուղին գործի։


-Իսկ մյուս կողմերի շահագրգռվածության առիթը ո՞րն է երկաթուղու բացումից։


-Իհարկե բոլոր կողմերն էլ ունեն իրենց շահը։ Վրաստանը կդառնա տարանցիկ երկիր, օգտվելով համապատասխան առավելություններից, այսինքն՝ չխոսենք դրա մասին, որ դա փող արժի, երբ բեռը տեղափոխվում է այդ երկրի տարածքով, այսինքն՝ նրանք էլ են տնտեսական իմաստով շահագրգռված։ Սակայն նորից եմ նշում, որ բացառապես քաղաքական գործոններն են այստեղ խոչընդոտ։


-Իսկ Ձեր հաշվարկներով, ե՞րբ ի վերջո բաց կլինի։


-Ես սովոր չեմ նման կանխատեսումներ անել, երբ որ որոշակիանա, այդ ժանամակ կհայտարարենք դրա մասին։ Տեխնիկական իմաստով, եթե գնահատական անհրաժեշտ լինի, դա շատ կարճ ժամանակահատվածի հարց է։