Սահմանամերձ Այգեպարում սպասում են պաշտպանիչ պատի կառուցմանը. գումարն արդեն պատրաստ է
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում պաշտպանիչ պատ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսավորումն արդեն պատրաստ է: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց գյուղապետ Անդրանիկ Այդինյանը՝ սպասում են մասնագետների այցին, որպեսզի որոշեն, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կառուցել պատը:
«Պիտի իրենք գան գյուղ, որպեսզի որոշենք անելիքները: Գյուղն ուղիղ նշանառության տակ է գտնվում, դրա համար այդ պատերն անհրաժեշտ են»,-ասաց նա:
Նշենք, որ Այգեպարի դպրոցի դիրքն այնպիսին է, որ ադրբեջանական դիրքից գյուղի վրա կրակոցների ժամանակ դպրոցի բակում գտնվողները կարող են վնասվել: Իսկ թե երբ ինչ քայլ կանի հակառակորդը, գյուղում դժվարանում են կանխատեսել: «Թշնամուն կարելի՞ է վստահել, բնականաբար՝ ոչ, իսկ եթե ոչ, ապա խաղաղ չի կարող լինել»,-ասաց գյուղապետը:
Ինչպես նշված է Հայ օգնության ֆոնդի տարածած հաղորդագրության մեջ՝ ֆոնդի «Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագրին միացել են հարյուրավոր հայեր թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: «Պաշտպանող պատ» ծրագրի շնորհիվ երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել։ Պատի շինարարությունն սկսվելու է եղանակի տաքացման հետ:










