ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչումն այնքան էլ կապված չէ հանրապետական-դեմոկրատ հակասությունների հետ. թուրքագետ

21:00 • 06.11.14

ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն այս պահին այնքան էլ կապված չէ հանրապետական-դեմոկրատ հակասությունների հետ, այն ավելի գլոբալ, խորքային հարթություն ունի` կապված ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակին, ինչը ուրախացրել է Թուրքիային:

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեմոկրատ կոնգրեսականները բավական նախաձեռնություններով էին հանդես գալիս Հայոց ցեղասպանության բանաձևերի օգտին, այս պարագայում նրանց փոխարինումը հանրապետականներով, կարող է այդ նախաձեռնությունները որոշակիորեն թուլացնել»,-ասաց նա և նշեց, որ նույնիսկ խոսք է գնում, որ թուրքամետ հայացքներով հայտնի մի քանի հանրապետականեր կփոխարինեն հայամետ կոնգրեսականների:

 

«Կարծում եմ, որ հայկական լոբբին նույն ուժգնությամբ պետք է իր աշխատանքը տանի և չպետք է դրանից որոշակի ընկճվածություն ունենա»,-ասաց նա և նկատեց, որ հանրապետականների դիրքերի ուժեղացումը Թուրքիայում որոշակի ոգևորություն է առաջացրել` հաշվի առնելով թուրքական մամուլի հրապարակումները: