Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի մայրը հույս ունի, որ եռյակի սկսած գործընթացը թատրոն չէ

21:33 • 06.11.14

2008-ի Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը, դեռևս թերահվատորեն է վերաբերում եռյակի սկսած գործընթացին և չի շտապում խոստացված իշխանափոխության հետ հույս կապել, թե Մարտի մեկի գործը ի վերջո՝ կբացահայտվի։

 

«Եթե իրոք ազնվորեն են դուրս եկել այս շարժման ղեկավարները, և թատրոն չի, ու իրականությունը բեմի ետևում չի, այլ՝ բեմի վրա, ուզում եմ վստահել ինչ-որ չափով, բայց եթե հերթական թատրոնն է, հերթական հանձնարական են կատարում՝ ցույց տալու համար, թե փոփոխություն են ուզում, դա մեզ ավելի կհուսակատեցնի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


Կոնկրետ եռյակի մաս կազմող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձով պայմանավորված՝ նա կասկածներ չունի, բայց Ազատության հրապարակի հարթակում տեսնել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին՝ Ազատուհի Քլոյանի համար անտրամաբանական է։


«Այդտեղից էլ մեր թերահավտությունը գալիս է, որ Օսկանյանն այնտեղ կանգնած է, այն դեպքում, երբ Մարտի մեկի հեղինակներից մեկը նա է, ո՞նց կարող եմ նրան վստահել»,-նշեց նա։

 

Իսկ թե Մարտի 1-ի զոհերի հարազատները մասնակցո՞ւմ են հանրահավաքներին՝ Ազատուհի Քլոյանը նշեց, թե կոնկրետ ինքը վատառողջ է և նախընտրում է զարգացումներին հետևել հեռվից։