Աղմկահարույց հարցազրույցի հեղինակը պնդում է՝ այն տեղի է ունեցել, և Ազնավուրը տեղյակ է եղել դրա մասին

11:43 • 06.11.14

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանում:

 

ՀՀ արտգործնախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ազնավուրը որևէ թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ էլ չի ստացել:

 

Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթը ևս անդրադարձել է այս աղմուկին  և «Հայաստանը հավատալ չի ցանկանում» վերտառությամբ հոդվածում ներկայացրել թե՛ Հայաստանից հնչող տեսակետները, թե՛ հարցազրույցի հեղինակի խոսքը:

 

«Posta թերթում հրապարակված լուսանկարների և ճաշկերույթի մասին մեկնաբանություն չտված ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը երկրում կասկածանքով է ընդունվել»,- գրում է պարբերականը:

 

Իսկ հարցազրույցի հեղինակ Էրքան Օզերմանն «Ակօս»-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ հարցազրույցն իրականում տեղի է ունեցել:

 

Նա ասել է, թե իրենք խոսել են սեղանի շուրջ, Ազնավուրը տեղյակ է եղել հարցազրույցի մասին և իրեն շնորհված «Ոսկե սոսի» մրցանակն էլ ուրախությամբ է ընդունել:

 

Նա նշել է, թե այդ հարցազրույցն արել է ոչ թե Ազնավուրին քաղաքականացնելու, այլ նրա մարդկային կողմը ցույց տալու նպատակով:

 

«Ազնավուրը նման տեսակետներ հայտնել է նաև ավելի վաղ՝ տարբեր առիթներով, և դրանց սուտ լինելը պնդելը ցույց է տալիս միայն ժողովուրդների բարեկամությանը դեմ լինելը»,-ասել է Օզերմանը: